keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
հոկտեմբեր 25, 2002
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Քլամառ քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Կալտենբախին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակությունը Հայաստանում է գտնվում մեր երկրի բնակավայրերից մեկի հետ եղբայր քաղաքների մակարդակով համագործակցություն հաստատելու նպատակով։ Փարիզի մերձակա Քլամառն ունի ավելի քան 5 հազարանոց հայկական համայնք և պատահական չէ, որ պատվիրակության կազմում Հայաստան է ժամանել նաև նրա ներկայացուցիչ, քաղաքապետի տեղակալ Տարկո Կարագյոզյանը։ Ողջունելով քաղաքների եղբայրացման առաջարկը, համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է աջակցելու այդ ձեռնարկին և երկու պետությունների ու ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը։ Առաջիկա օրերին պատվիրակությունը կայցելի հանրապետության մի շարք մարզեր եղբայրացման իրենց չափորոշիչներին համապատասխանող քաղաքի ընտրության նպատակով։