Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

նոյեմբեր 06, 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Մուստաֆա Գորտինին։ Վարչապետը շնորհավորել է նրան‘ բանկի ղեկավարությունն ստանձնելու առիթով և մաղթել պաշտոնավարման առաջիկա չորս տարիներին բարեհաջող և արդյունավետ աշխատանք։ Նշելով, որ մինչ այժմ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը մեր երկրում ակտիվ գործունեություն չի ունեցել, վարչապետը կարևորել է առաջին քայլը‘ Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների համար բանկի կողմից ուղիղ վարկային գիծ բացելու նպատակով 2,5 մլն ԱՄՆ դոլար միջնաժամկետ վարկի տրամադրման ծրագիրը։ Այն ակնկալվում է տրամադրել առաջիկա երկու տարվա ընթացքում։ Ծրագրի համաֆինանսավորող «Իզմիրլյան» հիմնադրամը կտրամադրի նույնաչափ գումար, բանկի նույն պայմաններով և ժամկետներով։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է ծրագրի հաջող ընթացքը, որը մեր երկրում բանկի գործունեության նկատմամբ հավատ ու վստահություն կառաջացնի‘ հետագա նոր ծրագրերի իրագործման համար դառնալեով լավ օրինակ։ Վարչապետը հույս է հայտնել, որ պրն Գորտինիի այցը կնպաստի ՍԱԶԲ-ի հետ փոխգործակցության ակտիվացմանը։ Բանկի նախագահ Մուստաֆա Գորտինին անկեղծորեն խոստովանել է, որ ինքն էլ գոհ չէ Հայաստանում իրենց գործունեությունից և նշել, որ իրենց ոչինչ չի խանգարում սերտացնել շփումները մեր երկրի գործարարների, ֆինանսաբանկային համակարգի հետ, ինչպես նաև երկրի իշխանությունների հետ համագործակցության, քննարկումների արդյունքում մշակել նոր ու արդյունավետ ծրագրեր։