Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հոկտեմբեր 17, 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, եվրոպական և եվրասիական հարցերի բյուրոյի ղեկավար Դենիել Ֆրիդին.

«Մենք ցանկանում ենք, որ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացում ապրեն: Դուք հիմա ունեք նոր հնարավորություններ, մենք` Հայաստանում ունենք նոր դեսպան և ցանկանում ենք այդ հնարավորություններն օգտագործել ի շահ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման: Հզոր, ինքնիշխան, ժողովրդավարական Հայաստանը նաև տարածաշրջանի համար է կարևոր»,- ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն ասել է Դենիել Ֆրիդը` հետաքրքրվելով ՀՀ կառավարության ղեկավարի վաշինգտոնյան այցի արդյունքների, ֆինանսական ճգնաժամի և ՀՀ-ի վրա դրա ազդեցության վերաբերյալ Տիգրան Սարգսյանի նկատառումներով ու իրականացվող բարեփոխումների մասին նրա գնահատականով:

ՀՀ վարչապետը, չափազանց հաջող և ոգևորիչ համարելով Վաշինգտոն կատարած իր այցը, համոզվածություն է հայտնել, որ նոր էջ է բացվում հայ-ամերիկյան հարաբերություններում, և առկա ոգևորությունը նոր թափ կհաղորդի բարեփոխումներին.

«Ի դեմս ԱՄՆ-ի, մենք ունենք բարեկամ երկիր, որն անցած տարիներին էական օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին, և համոզված եմ, մեր հարաբերությունները լավ ապագա ունեն»,- ասել է Տիգրան Սարգսյանը` հանգամանորեն ներկայացնելով ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների, երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ֆինանսական ճգնաժամի ու Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ քննարկումների արդյունքները:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հույս է հայտնել, որ Հայաստանը հաջողությունների կհասնի Թուրքիայի հետ հարաբերությունների, ԼՂ հակամարտության կարգավորման, բարեփոխումների արդյունավետ իրականացման, ինչպես նաև մարտի 1-2-ի հետ կապված խնդիրների հնարավորինս արագ լուծման գործում` միաժամանակ կարևորելով ժողովրդավարական հաստատությունների կայացման, օրենքի գերակայության հարցերը:

Դենիել Ֆրիդը հանդիպման ավարտին մեկ անգամ ևս ընդգծել է, որ Հայաստանը ԱՄՆ-ի համար կարևոր երկիր է, ինչի մասին են վկայում նաև ՀՀ վարչապետի վաշինգտոնյան այցի արդյունքները: