Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

փետրվար 18, 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, ԱՊՀ գործադիր կոմիտեի ինտեգրացիոն գործընթացների վերլուծության և տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Ալեքսանդր Ավետիսյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից։ ՀՀ վարչապետի այսօրվա որոշմամբ, «Դիվանագիտական ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների համաձայն, Արթուր Մանասերյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ‘ մեկ տարի ժամկետով։ ****** Կենսագրական տվյալներ Արթուր Պերճի Մանասերյանը ծնվել է 1955 թ., Երևանում։ 1983 թ. ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, իսկ 1988 թ.‘ ՍՍՀՄ արտաքին առևտրի համամիութենական ակադեմիան‘ ստանալով ինժեներ-շինարարի և միջազգային տնտեսագետի որակավորում։ 1977-1985 թթ. աշխատել է Հայկական ՍՍՀ գյուղական շինարարության մինիստրությունում որպես ինժեներ, հասնելով մինչև խմբի ղեկավարի և բաժնի վարիչի պաշտոնների։ 1988-1991 թթ. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ՍՍՀՄ արտաքին տնտեսական կապերի մինիստրության լիազոր ներկայացուցչի վարչությունում եղել է լիազոր ներկայացուցչի տեղակալը։ 1991-1992 թթ. զբաղեցրել է ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարության մարքեթինգի բաժնի վարիչի, 1992-ին‘ ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրի բաժնի պետի պաշտոնները։ 1992-1999 թթ. մի շարք պատասխանատու պաշտոններ է վարել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։ 1997 թ. Արթուր Մանասերյանին շնորհվել է խորհրդականի դիվանագիտական աստիճան։ 1999-ից աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում‘ որպես խորհրդական, իսկ 2003 թ. հունվարից մինչև օրս զբաղեցնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետի պաշտոնը։ Ամուսնացած է։ Ունի երկու երեխա։