keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
հունվար 20, 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին: 1999թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված այդ հանձնաժողովը նախապատրաստում է հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման գործընթացը: ործընթացի փուլերն ընդգրկում են նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վերակառուցումը: Պետական կառավարման բարեփոխումների հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է 3 ուղղություններով. 1. պետական կառավարման համակարգի կառուցվածքային և գործառույթային վերափոխումներ 2. քաղաքացիական ծառայության ներդնում 3. ֆինանսական կառավարման բարեփոխումներ Արդյունքում նախատեսվում է ունենալ նոր կառուցվածքով և գործառույթներով պետական կառավարման համակարգին անցում նախատեսող ծրագիր: Խորհրդակցության ժամանակ նշվեց, որ Հայաստանի անկախացումից հետո կառավարման համակարգը չվերանայվեց և չհամապատասխանվեց ժամանակի պահանջներին, արդյունքում՝ կիրառման մեջ ակնհայտ դարձան հին մեթոդների շատ թերություններ և անհամապատասխանություններ որդեգրած քաղաքականությանն ու սկզբունքներին: Վերոհիշյալ ծրագրով, ըստ հանձնաժողովի անդամների, կվերանայվեն ճյուղային նախարարությունների, կառավարության աշխատակազմի և նախագահի աշխատակազմի միջև եղած կապերը, պատասխանատվության և թափանցիկության մեխանիզմները, կսահմանվեն պետական կառուցվածքների կատեգորիաները, նրանց դերը, պարտականություններն ու հաշվետվության պայմանները: Համանման գործընթաց կիրականացվի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակներում, որի արդյունքում կհստակեցվի լիազորությունների տարանջատումը: Այս քայլը միաժամանակ հնարավորություն կտա պետությանը վերապահոված ֆունկցիաների սահմաններում ճշգրիտ հաշվարկել պետական ծառայության զբաղվածության մակարդակը, օպտիմալացնել պետական կառավարման մարմինների գործունեությունը և բարձրացնել բյուջետային ծախսումների արդյունավետությունը: Խորհրդակցության ժամանակ նշվեց, որ մինչ այժմ որևէ վերահսկողություն չի եղել պետական հիմնարկների ստեղծման վրա և որոշ դեպքերում առանց էական հիմնավորման, առանց դրա անհրաժեշտությունը պարզաբանելու՝ ցանկացած մեկը ստեղծել է պետական հինարկ, պետության համար դառնալով ավելորդ բեռ: Այս առումով ևս կարևորվել է բարեփոխումների ծրագրի մշակումն ու ընդունումը: Վարչապետը նշել է, որ հանձնաժողովը իր գործունեության ընթացքում մեծածավալ աշխատանք է կատարել և արդեն ժամանակն է դրանք ամփոփելու ու հաջորդ քայլն անելու: Նա հանձնարարել է հանձնաժողովի նախապատրաստած «ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հայեցակարգ-հիմնախնդիրները» 10-օրյա ժամկետում քննարկել նախարարություններում՝ ակտիվացնելով այնտեղ ստեղծված աշխատանքային խմբերի գործունեությունը, այնուհետև դրանք ամփոփել համակարգող նախարարներ Դ. Զադոյանի և Հ. Աբրահամյանի մոտ ու փետրվարի 12-ին արդյունքները ներկայացնել վարչապետին: Հանձնարարվել է նաև այդ հարցում ակտիվ համագործակցել ԱԺ-ի հետ: Այդ աշխատանքը և ծրագրում նախատեսվող միջոցառումները, ըստ խորհրդակցության մասնակիցների, նախապայման կհանդիսանան կառավարության կողմից մշակվող հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի համար: Այս աշխատանքներն ամրագրված են ՀՀ կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի «Քաղաքացիական ծառայության բարեփոխումներ-կոռուպցիայի դեմ պայքար» բաժնում: