Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

փետրվար 01, 2001
Հակակոռուպցիոն ծրագրերի մշակման աշխատանքները համակարգելու նպատակով ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ ստեղծված հանձնաժողովը, որում ընդգրկված են ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ֆինանսների և էկոնոմիկայի, արդարադատության, ներքին գործերի, ազգային անվտանգության, արտաքին գործերի նախարարները և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, այսօր անցկացրեց իր առաջին նիստը: Շուրջ երկու շաբաթ առաջ վարչապետի մոտ հանձնաժողովի անդամների հանդիպման ժամանակ այսօրվա նիստի նախապատրաստվելու համար տրված հանձնարարականները, Անդրանիկ Մարգարյանի հավաստմամբ, ժամանակին և ամբողջությամբ կատարվել են՝ հանձնարարություն ստացած բոլոր նախարարությունները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրային աշխատանքների կազմակերպման մասին իրենց առաջարկներ: Սա, ըստ վարչապետի, խոսում է հանձնաժողովի անդամների կողմից ընդհանուր գործի կարևորությունը գիտակցելու, դրան պատասխանատվությամբ վերաբերելու մասին, ինչը հույս է ներշնչում, որ նման կազմակերպվածությամբ և ակտիվ գործունեությամբ հանձնաժողովն իր առջև դրված խնդիրները կկարողանա ժամանակին լուծել: Հանձնաժողովի անդամներն առաջին նիստում քննարկեցին այն մոտեցումները, որոնցով պետք է առաջնորդվեն հետագա աշխատանքը կազմակերպելիս: Բոլորի համար պարզ էր, որ հսկայական անելիք կա և որ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ թե մեկ որոշմամբ, ծրագրով կամ այդ մասին անվերջ ահազանգելով է լուծվում, այլ պահանջվում է համառ, հետևողական և քրտնաջան աշխատանք: Կարևորվեց օրենսդրական դաշտի մանրակրկիտ վերլուծությունը, կոռուպցիայի դեմ պայքարին միտված օրենքների մշակման ուղղությամբ սկսված աշխատանքի ակտիվացումը: Կարևորվեցին նաև պետական կառավարման համակարգի բարեփոխումները, այդ համատեքստում պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման խնդրի դիտարկումը, նկատի առնելով, որ ներկայիս ցածր աշխատավարձը պետական ծառայողին հաճախ մղում է ապօրինությունների: Ըստ հանձնաժողովի անդամների, լուրջ վերանայման կարիք ունեն պետական գործառույթները՝ այն հստակեցնելու, ավելի պարզեցնելու, քաղաքացիներին բյուրոկրատական քաշքշուկներից ազատելու և նաև այդպիսով կաշառակերության դեմ պայքարելու համար: Նիստում նշվեց նաև, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին շարունակ խոսվել և խոսվում է, սակայն դա շատ հաճախ արվում է պոպուլիստական նկատառումներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության, ինչն այդ աշխատանքների կազմակերպման նկատմամբ հասարակության լայն խավերի մոտ թերահավատության լուրջ հիմքեր է ստեղծում և, եթե հանձնաժողովը գործնական հարթություն չտեղափոխի իր մշակելիք ծրագրերը, հասարակական ընկալումն առաջիկայում էլ չի փոխվի: Հակակոռուպցիոն ծրագրերի հետ կապված աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված հանձնաջողովի առաջին նիստում վարչապետի հանձնարարությամբ ստեղծվեց հանձնաժողովի աշխատանքային խումբ, որը պետք է ամփոփի այսօրվա նիստում քննարկված առաջարկները և դրանց ամփոփ տարբերակը հաջորդ նիստից երկու օր առաջ տրամադրի հանձնաժողովի անդամներին: Որոշվեց հաջորդ նիստը հրավիրել փետրվարի 15-ին և քննարկել աշխատանքի բաժանման, կատարման ժամանակացույցի հետ կապված հարցեր: