keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
դեկտեմբեր 03, 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ և լիազոր դեսպան Նիկուլաե Իորդակեին: Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև բարեկամական երկխոսության շարունակմանը: Դրա համար, ըստ նրա, կան և՛ հնարավորություններ, և՛ ցանկություն ու բավարար ներուժ: Դեսպան Նիկուլաե Իորդակեն ևս հավաստել է Հայաստանի հետ երկկողմ կապերի առավել սերտացման իր երկրի կառավարության պատրաստակամությունը: Նշելով, որ թե քաղաքական և թե տնտեսական բնագավառներում համագործակցության համար նոր հնարավորություններ են ստեղծվել այս տարվա նոյեմբերին ՀՀ նախագահի Ռումինիա կատարած պետական այցից հետո, նա հույս է հայտնել, որ գործակցությունը երկու երկրների միջև նոր թափով կշարունակվի նաև վարչապետների, կառավարությունների մակարդակով: Անդրադառնալով տնտեսական կապերին, կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները չեն համապատասխանում առկա հնարավորություններին: Այդ կապերի առավել խորացման համար նրանք կարևորել են, մասնավորապես, հայ-ռումինական խառը տնտեսական հանձնաժողովի 2004թ. գարնանը նախատեսվող նիստի անցկացումը, որտեղ որոշակի ծրագրեր կմշակվեն տնտեսական տարբեր ոլորտներում համագործակցության առավել գործնական քայլեր իրագործելու նպատակով: Կողմերը մտքեր են փոխանակել նաև հարավ-կովկասյան և սևծովյան տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում համագործակցության շուրջ: Դեսպան Նիկուլաե Իորդակեն նշել է, որ Ռումինիան շահագրգռված է տրանսպորտային նոր միջանցքների գործարկման, երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների մեծացման խնդրում փոխշահավետ գործակցությամբ: Անդրանիկ Մարգարյանը ևս ընդգծել է նման կապերի խորացման կարևորությունը եվրոպական ընտանիքին, եվրոպական տնտեսությանը ինտեգրման ուղին ընտրած մեր երկրի համար, նկատի ունենալով, որ 2007թ. Ռումինիան դառնալու է Եվրամիության անդամ: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում ընթացող զարգացումներին, երկուստեք կարևորվել է կայունության և անվտանգության հաստատումը տարածաշրջանում: