Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՍԱՏՄ անակնկալ ստուգայցի թիրախում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցն էր. խախտումներ արձանագրվել են

հունիս 22, 2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր մշտադիտարկումներ են անցկացրել մայրաքաղաքի «Երևան Սիթի» ս/մ ցանցի մասնաճյուղերում:
Խախտումներ արձանագրվել են գրեթե բոլորում: Դրանք հիմնականում կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների տվյալների թերիության, դիմակները ոչ պատշաճ կրելու, երբեմն նաև՝ մարդկանց կուտակումների, ձեռնոցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության հետ: Դրականորեն արձանագրվել է, որ ցանցի խանութներից շատերում նշանակված են հերթերը հսկող և կուտակումներ թույլ չտվող հատուկ աշխատակիցներ:
Թերացումներ են հայտնաբերվել նաև «Երևան Սիթի» խանութներում գործող հացի արտադրամասերում. որոշներում բացակայել է ախտահանման գրանցամատյանը, մի քանիսում բավարար քանակությամբ չեն եղել ձեռնոցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանները, իսկ մի քանիսում աշխատակիցները եղել են առանց դիմակի:
ՍԱՏՄ տեսուչների կողմից խստացված ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում:
Խախտումների մասին բոլոր արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:
Անակնկալ շրջայցերը շարունակվելու են: