Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Սևանի իշխանի վերականգնման նպատակով կստեղծվեն ցանցավանդակային տնտեսություններ Ծրագրի իրականացման առաջին 10 տարվա ընթացքում տարեկան կարտադրվի 50 հազար տոննա ձուկ

ապրիլ 03, 2014
Սևանի իշխանի վերականգնման նպատակով կստեղծվեն ցանցավանդակային տնտեսություններ Ծրագրի իրականացման առաջ

Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերի խորհրդի ներկայացրած համալիր ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում համապատասխան որոշում է ընդունել:
Ներկայումս իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից: Նրա չորս ենթատեսակից երկուսը՝ ձմեռային իշխանն ու բոջակը համարվում են իսպառ վերացած, իսկ գեղարքունին և ամառային իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: 2004թ. սկսած պետական տարբեր ծրագրերով ձկան պոպուլացիան վերականգնելու նպատակով ամեն տարի որոշ քանակությամբ մանրաձուկ է բաց թողնվում Սևանա լիճ: Սակայն գեղարքունին և ամառային իշխանը որպես տեսակ պահպանելու համար դա բավարար չէ: Խնդրի արդյունավետ լուծում կարող է դառնալ կառավարության ընդունած որոշումը, ըստ որի անհրաժեշտ է մշակել և հաստատել նախատեսված քանակությամբ ցանցավանդակային տնտեսությունների տեղադրման տարածքները, այդ տնտեսությունների կողմից թույլատրելի արտանետումների նորմատիվները և դրանց մշտադիտարկման կարգը և այլն: Ակնկալվում է, որ ծրագրի առաջին 10 տարվա ընթացքում տարեկան կարտադրվի, կվերամշակվի և կարտահանվի մոտ 50 հազար տոննա ձուկ, որի արժեքը կկազմի շուրջ 175 մլրդ դրամ: Ամեն տարի ցանցավանդակային տնտեսությունների ձևավորած հասույթի 1.5 տոկոսը պետք է տրամադրվի հիմնադրամին՝ Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման նպատակով մանրաձուկ ձեռք բերելու համար: Ենթադրվում է, որ Սևանի իշխանի արտադրության ոլորտում կստեղծվի 2.5-3 հազար, իսկ ընդհանուր արժեշղթայում՝ 5-6 հազար աշխատատեղ: Նախատեսվում է նաև ստեղծվող տնտեսությունների վճարների հաշվին միջոցներ ձևավորել լճի ավազանի խնդիրների լուծման նպատակով: Ծրագրի կառավարիչ է նշանակվել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը: