Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետն ու Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

նոյեմբեր 21, 2017
Վարչապետն ու Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին:
Կառավարության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, և եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան Հայաստանի առաջնային տնտեսական գործընկերներից է: Վարչապետը գոհունակությամբ արձանագրել է, որ երկկողմ տնտեսական գործակցության ոլորտում այս տարի բավական մեծ առաջընթաց է արձանագրվել. 2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանման ծավալը 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.6 անգամ: Կարևորելով Շվեյցարիայի կողմից ՀՀ-ին տրամադրված Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) առևտրային ռեժիմը՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ հայ-շվեյցարական տնտեսական գործակցության մեծ ներուժի լիարժեք իրացումը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ կապերը: «Մենք պատրաստ ենք բազմաոլորտ համագործակցություն զարգացնել Շվեյցարիայի հետ՝ շվեյցարական կապիտալը ներգրավելով հայաստանյան շուկայում: Հայաստանը կարող է նաև բավական հետաքրքիր պլատֆորմ լինել շվեյցարական բիզնեսի համար և´ ԵԱՏՄ շուկայում, և´ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտում, ինչպես նաև ԱՏԳ միջոցով իրանական շուկայում գործունեություն ծավալելու համար», - նշել է վարչապետը:
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը ևս գոհունակությամբ նշել է, որ երկկողմ տնտեսական գործակցության ոլորտում 2017 թ. նշանակալի աճ է արձանագրվել, և ներկայում նոր ներդրողներ են այցելում մեր երկիր՝ բիզնես միջավայրին և ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Լուկաս Գասսերն ասել է, որ մի շարք շվեյցարական ընկերություններ արդեն օգտվում են Հայաստանի՝ որպես երրորդ շուկաներ դուրս գալու պլատֆորմի հնարավորությունից և կարող են լավ օրինակ ծառայել, իսկ հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումը շատ լավ նախաձեռնություն է, որը նույնպես կարող է հետաքրքրություն ներկայացնել շվեյցարական ներդրողների համար: Դեսպանի կողմից՝ Հայաստանի արտահանողների կողմից GSP ռեժիմի լիարժեք կիրառումը ևս կնպաստի գործակցության նոր ուղղությունների բացահայտմանը:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա խորացման հեռանկարները: Արծարծվել են, մասնավորապես, օդային ուղիղ հաղորդակցության հաստատման, զբոսաշրջության խթանման, ազատ տնտեսական գոտիների շրջանակում գործակցության, Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի գործունեության, համատեղ գործարար համաժողովների կազմակերպման, ներդրումային ծրագրերի իրականացման, բիզնես միջավայրի բարելավման և այլ ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է եղել վարչապետի՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակցության հետ կապված հարցերին: