Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետ. «Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին երաշխավորել իրենց ապահով ծերությունը»

դեկտեմբեր 16, 2011
Վարչապետ. «Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին երաշխավորել իրե

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում աշխատանքները սկսած առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովին, որի նպատակն է ամփոփել վերջին մեկ տարվա ընթացքում կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ կատարարված աշխատանքները և նախանշել հետագա կարևորագույն քայլերը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ կենսաթոշակային կուտակային նոր համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին երաշխավորել իրենց ապահով ծերությունը: «Մենք փոխում ենք քաղաքացիական մտածողությունը և նրանց մոտիվացիան: Աշխատող քաղաքացին պետք է մտածի, որ ինքն է պատասխանատու իր ապագայի համար և կուտակումներ կատարի իր ապահով ծերության համար»,- ասել է վարչապետը: Այդպիսի տրամամաբանություն է դրված կենսաթոշակային բարեփոխումների հիմքում, ինչը համահունչ է ժամանակակից աշխարհի իրողություններին: «Մենք ստեղծում ենք ազատ մտածող մարդու միջավայր, ով պետք է կարողանա իրացնել իր ազատությունը: Կենսաթոշակային բարեփոխումները մեր հասարակությունում փոխելու են տնտեսական և ֆինանսական մտածողությունը»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Դա բերելու է մտածող, կանխատեսող և խստապահանջ մարդկանց բանակի ձևավորման: Վարչապետն ասել է, որ պետությունն ստեղծելու է բարենպաստ միջավայր և քաղաքացիներին զինելու է գիտելիքներով, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն կուտակել իրենց միջոցները: «Պետությունը կրկնապատկելու է այն խնայողությունները, որոնք կուտակային համակարգի միջոցով իրականացնելու են մեր քաղաքացիները»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետն ասել է, որ կենսաթոշակային բարեփոխումների ներդրումով բացահայտվել են նախկինում առկա կոռուպցիոն ռիսկերը, որոնց լուծմամբ կբացառվեն կրկնահաշվարկները:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թվականի հունվարի մեկից կառավարությունը տասական տոկոսով բարձրացնելու է սոցիալական ապահովության նպաստներն ու կենսաթոշակները: «Անգամ ճգնաժամի տարիներին` պետությունը ոչ միայն ամբողջությամբ կատարեց իր պարտավորությունները, այլև ավելացվեցին թոշակներն ու սոցիալական նպաստները: Մենք հետևողական ենք սոցիալական քաղաքականության այս սկզբունքի կիրառման առումով»,- ասել է կառավարության ղեկավարը:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվելու է 2014թ. հուվարի մեկից: Բարեփոխումից հետո, կենսաթոշակային ապահովության համակարգն ունենալու է երեք բաղադրիչ. պետության կողմից ապահովվող բազային կենսաթոշակ, պարտադիր կուտակային բաղադրիչ (քաղաքացիների աշխատավարձի 5 տոկոսի չափով վճարում, որը կրկնապատկելու է պետությունը) և կամավոր կուտակային` քաղաքացիների հայեցողությամբ: Համակարգը պարտադիր է լինելու 1974թ. հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիների համար: Կամավոր կուտակային համակարգը գործում է 2011թ. հունվարի մեկից: