Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետ Սարգսյան. «Ստեղծելու ենք բարենպաստ պայմաններ 2011 թ. արտահանումը ձկնաբուծության ոլորտում կրկնապատկելու համար»

փետրվար 08, 2011
Վարչապետ Սարգսյան. «Ստեղծելու ենք բարենպաստ պայմաններ 2011 թ. արտահանումը ձկնաբուծության ոլորտում կր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Արարատի մարզի Սիփանիկ գյուղի ձկնաբուծական տնտեսություններից մեկում ջրաչափի տեղադրման փորձնական ծրագրի իրականացմանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարները, պաշտոնատար անձինք, Արարատյան դաշտում գործունեություն ծավալող ձկնաբույծներ: Նշենք, որ ջրաչափի փորձնական տեղադրման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2011թ. փետրվարի 2-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում` նպատակ ունենալով ցույց տալ ջրաչափի տեղադրման անվտանգությունը և ռիսկայնության բացակայությունը:
Կառավարության ղեկավարին մասնագետների կողմից մանրամասն ներկայացվել են տեղադրման աշխատանքների ընթացքը և տեխնիկական հնարավոր լուծումների արդյունավետության աստիճանը: Ծավալված մտքերի փոխանակման ընթացքում ձկնաբույծները հնչեցրել են իրենց մտահոգությունները ջրաչափիչ սարքերի տեղադրման խնդիրների վերաբերյալ` անհրաժեշտ համարելով յուրաքանչյուր ձկնաբուծական տնտեսության համար անհատական չափորոշիչների կիրառումը:
Անհրաժեշտ համարելով Արարատյան դաշտի ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրային ռեսուրսների հաշվառման, արդյունավետ կառավարման և պահպանության ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումը` վարչապետ Սարգսյանը նշել է, որ յուրաքանչյուր ձկնաբուծական տնտեսության համար կիրառվելու են ջրաչափիչ սարքերի տեղադրման անհատական տեխնիկական չափորոշիչներ, և ձկնաբույծները կարող են ինքնուրույնաբար ձեռք բերել ջրաչափիչ սարքեր իրենց նախընտրած ընկերությունից:
Թեմայի առնչությամբ գործադիրի ղեկավարը լրագրողներին է ներկայացրել ձկնաբույծների հետ ծավալված քննարկման արդյունքները. «Մեր նպատակն է կրկնապատկել ձկնաբույծների կարողությունները: 2010թ. մենք ունեցել ենք լուրջ նվաճումներ. շուրջ 500 տոննա ձուկ է արտահանվել Հայաստանի Հանրապետությունից: Կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրել, որպեսզի 22 տնտեսվարողներ ստանան արտոնագիր Ռուսաստանում և հնարավորություն ստանան արտահանել իրենց արտադրանքը: Մեր գնահատականներով` 2011թ. այս ցուցանիշը պետք է կրկնապատկվի, քանի որ այն կարողությունները, որ ջրային տնտեսություններն ստեղծել են, արդեն հույս են ներշնչում, որ 2011թ. այդ արտադրանքը մենք ստանալու ենք: Բոլոր ձկնաբուծական տնտեսություններում ներդնելու ենք ստանդարտներ` սկսած ջրաչափերից և ավարտած ձկնաբուծության ոլորտում կիրառվող տեխնոլոգիաներով, որպեսզի վստահ լինենք, որ ձկնաբույծներն աշխատում են սննդի անվտանգության ապահովման կանոններով: Դա բխում է և՛ մեր բնակչության շահերից, և՛ միջազգային բոլոր պարտավորություններից»:
Խոսելով անօրինական ջրօգտագործման հետ կապված խնդիրներից` վարչապետն ընդգծել է. «Տասնյակ համայնքներ այսօր զրկվել են խմելու և ոռոգման ջրից այն պատճառով, որ ջրային ռեսուրսները ռացիոնալ չեն օգտագործվում. կան շուրջ 3500 հորեր, որոնցից 2000-ն անօրինական են, և պետությունը պատշաճ ձևով չի իրականացնում օգտագործվող ջրերի հաշվառում: Այդ խնդիրն առնչվում է նաև ձկնաբուծական ընկերությունների հետ. մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան ձկնաբուծական ընկերություններ, որոնք առանց համապատասխան թույլտվության ունեն խորքային հորեր և այդ ջուրն անօրինական օգտագործում են` ստեղծելով նաև էկոլոգիական ռիսկեր մեզ համար: Անհրաժեշտություն կա հաշվառել ջուրն ամբողջությամբ, և հաշվառման տեսակետից առաջարկում ենք օգտագործել ջրաչափեր այն 60 չափորոշիչների կիրառմամբ, որոնք այսօր պետության կողմից հաստատված են և ընդունելի: Ամեն մի ջրային տնտեսություն իր օգտագործած ջրի ծավալներին համապատասխան պետք է ընտրի, թե ինչ ջրաչափիչ սարք է օգտագործելու»:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև վերջին շրջանում ձկնաբուծության ոլորտում մենաշնորհ հաստատելու վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներին. «Քննադատության կա, թե այս ամենը կատարվում է նրա համար, որպեսզի ջրօգտագործողների և ձկնաբույծների ոլորտում ձևավորվեն նոր մոնոպոլիաներ, ինչն, իհարկե, անհեթեթություն է: Մեր գործողությունները վկայում են այն մասին, որ առաջին հերթին հսկողությունն սկսելու ենք իրականացնել խոշոր տնտեսություններից: Դրա համար բնապահպանության նախարարության կայքէջում տեղադրված է այս ձկնաբուծական տնտեսությունների ամբողջական ցանկը` ըստ խոշորության: Մեր բոլոր ստուգումներն ու ջրաչափերի տեղադրումն սկսելու ենք խոշոր ձկնաբուծական ընկերություններից` տեղափոխելով նրանց օրինական դաշտ»:
Տիգրան Սարգսյանը նաև ընդգծել է, որ պետությունը հաշվի է առնելու առկա օբյեկտիվ դժվարությունները հողերի կատեգորիայի տեղափոխման, ջրօգտագործման պայմանագրերի կնքման, վերակնքման և ժամկետների երկարաձգման հետ կապված` ընդառաջելով ձկնաբույծներին այդ հարցերում. «Ստեղծելու ենք բարենպաստ պայմաններ, որպեսզի ձկնաբուծությամբ զբաղվելը նրանց համար չլինի ծախսատար, և 2011 թ. արտահանումն այս ոլորտում կրկնապատկվի»:
Այնուհետև վարչապետը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: