Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ

դեկտեմբեր 30, 2011
Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի հայրենակիցներ,
Ավարտվեց ևս մեկ տարի: Շրջվեց մեր պատմության ևս մեկ էջ: Որոնք են անցնող տարվա այն պատմական իրադարձությունները, որոնցով մենք կարող ենք հպարտանալ, որ իրադարձություններն են, որոնցից պետք է ապագայի դասեր քաղել` անցյալի սխալները չկրկնելու համար:
Համոզված եմ, որ տարեվերջի այս օրերին մեզանից յուրաքանչյուրին հուզում են հենց այս հարցերը:
Անցնող տարին կարելի է համարել ճգնաժամի հաղթահարման և վերականգնման տարի: Ճգնաժամից մենք դուրս եկանք ավելի ուժեղ և ավելի պատրաստ դիմակայելու նոր մարտահրավերներին: Յուրաքանչյուրիս ջանքերի շնորհիվ էր, որ հաջողվեց ապահովել տնտեսական աճ:
Անցնող տարում մենք կառուցեցինք ավելի շատ ճանապարհներ, ավելի շատ ջրագծեր: Բիզնես միջավայրի բարելավման նպատակով մենք աջակցություն ցուցաբերեցինք մեր ձեռնարկատերերին: Գյուղատնտեսության զարգացման համար մենք օգնության ձեռք մեկնեցինք գյուղացուն: Տեղeկատվական տեխնոլոգիաների զարգացման նպատակով մենք առավել բարենպաստ պայմաններ ստեղծեցինք ինտերնետի հասանելիության համար: Մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի մեր հասարակության խոցելի խմբերը, տարեցները և սահմանափակ կարողություններով քաղաքացիներն ապրեն ավելի լավ: Նախադպրոցական կրթությունը դարձավ անվճար, առողջապահության ոլորտը` ավելի թափանցիկ, վերանորոգվեցին բազմաթիվ դպրոցներ և հիվանդանոցներ, աղետի գոտում կառուցվեցին նոր բնակարաններ:
Այս ամենն իհարկե բավարար չէ: Մենք` Հայաստանի քաղաքացիներս, կարող ենք ավելի լավ ապրել և արժանի ենք ավելի լավ կյանքի: Սա նշանակում է, որ գալիք 2012 թվականին մենք ավելի շատ գործեր ունենք անելու: Յուրաքանչյուրս պետք է աշխատի ավելի արդյունավետ` պատասխանատվության ավելի բարձր զգացումով:
Հայրենակիցներ,
Մեզ փոփոխություններ են ահրաժեշտ մեր վարքագծում, և ինչը պակաս կարևոր չէ` մեր սպասումներում: Մենք այսօր պետք է սովորենք ապրել նորովի, մի աշխարհում, որտեղ արդարությունը կախված է լինելու ոչ միայն օրենքներից, այլ առաջին հերթին յուրաքանչյուրիս վարքագծից:
Միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր իրականություն դարձնել մեր երազանքները և կառուցել մի երկիր, որը լքած յուրաքանչյուր մարդ կընտրի վերադարձի ճանապարհը:
Սիրելի հայրենակիցներ:
Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը: Բոլորիս մաղթում եմ խաղաղություն և առողջություն: Ընտանիքներին` սեր և հոգատարություն: Գյուղացուն` առատ բերք, քաղաքաբնակներին`արդյունավետ և հետաքրքիր աշխատանք, մանուկներին ավելի շատ ուրախություն և ժպիտ, իսկ տարեցներին`արժանավայել ծերություն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Աստված մեզ բոլորիս պահապան: