Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Տիգրան Սարգսյան. «Համահայկական խաղերը մեր միասնության իրական ապացույցն ու դրսևորումն են»

օգոստոս 13, 2011
Տիգրան Սարգսյան. «Համահայկական խաղերը մեր միասնության իրական ապացույցն ու դրսևորումն են»

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր տեղի է ունեցել Համահայկական 5-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ողջունելով 5-րդ համահայկական խաղերի մասնակիցներին և մեր բոլոր հայրենակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Համահայկական խաղերի անցկացումը մեր ժողովրդի համար վերածվել է իսկական տոնախմբության, քանզի Համահայկական խաղերը մեզ սովորեցնում են միասին տոնել հաղթանակներ: Առաջիկա օրերին ողջ հայությունն ուշադրությամբ հետևելու է ձեր մրցելույթներին ու ձեր հաջողություններով ուրախանալու են բոլորը: Այս առումով, Համահայկական խաղերն այն եզակի մրցաշարերից են, որտեղ չկան պարտվողներ ու հետնապահներ, քանի որ այս խաղերը մեր միասնության իրական ապացույցն ու դրսևորումն են»:
Ըստ վարչապետի` խորհրդանշական է, որ Համահայկական խաղերն անցկացվում են Հայաստանի և Արցախի անկախության 20-րդ տարեդարձի նախաշեմին՝ մայր Հայրենիքում մեկտեղելով մեր ժողովրդի հազարավոր զավակների:
«Ինձ հաճախ հարցնում են, թե ո ՞րն է Հայկական աշխարհը: Ահա այն: Այն ձեր առջև է: Ավստրալիայից մինչև Կանադա, Հարավային Ամերիկայից մինչև Մերձավոր Արևելք: Այստեղ է մեկտեղված Հայկական աշխարհը՝ միավորված մեկ ինքնությամբ ու հաղթանակի հասնելու նպատակով»,- նշել է կառավարության ղեկավարը` համոզմունք հայտնելով, որ համահայկական խաղերն այդ ինքնությունն ամրացնելու ու նորոգելու ամենագործուն միջոցներից մեկն են:
Ըստ վարչապետի` մեր ինքնությունն է, որ 12 տարի առաջ մեկնարկած առաջին համահայկական խաղերից մինչ օրս սփյուռքահայերին բերում է Հայաստան: «Հարգելի մարզիկներ, Ձեզնից յուրաքանչյուրն ուժեղ է, բայց միասին դուք անպարտելի եք: Ձեզնից յուրաքանչյուրի նպատակը հաղթանակն է, սակայն Համահայկական խաղերից առաջ պատասխանեք այն հարցին, թե ինչ է հաղթանակը: Իմ համոզմամբ, մեր հաղթանակը մեր միասնականությունն է, երբ մենք միասնական ենք մեզ հնարավոր չէ հաղթել»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Գործադիրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համահայկական խաղերի ավարտին մարզիկներն ունենալու են մարզական նվաճումներից շատ ավելի կարևոր ձեռքբերումներ: Վարչապետը խաղերի մասնակիցներին մաղթել է նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք:
Համահայկական խաղերին մասնակցում են 30 երկրների 125 քաղաքների շուրջ 3200 մարզիկներ: Վերջիներս կմասնակցեն 10 մարզաձեւերի՝ ֆուտբոլ, բասկետբոլ, շախմատ, ֆուտզալ, վոլեյբոլ, լող, աթլետիկա, բադմինտոն, թենիս, սեղանի թենիս, մրցումներին: Խաղերը կանցկացվեն Երեւանում, Աբովյանում և Արտաշատում մինչև օգոստոսի 21-ը: