Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Տիգրան Սարգսյան. «Համոզված ենք, որ 2011թ. կկարողանանք բոլոր ոլորտներում արձանագրել հաջողություն»

մարտ 16, 2011
Տիգրան Սարգսյան.  «Համոզված ենք, որ 2011թ. կկարողանանք բոլոր ոլորտներում արձանագրել հաջողություն»

Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոյի հետ ունեցած բանակցությունները շատ ջերմ է գնահատել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` երկկողմ հանդիպումից հետո ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ: «Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Մենք ունեցանք բովանդակալից խոսակցություն ԵՄ-ի հետ համագործակցության բոլոր օրակարգային հարցերի շուրջ »:
Բարոզոն ներկայացրել իր գնահատականները Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ և ընդգծել բոլոր ոլորտները, որտեղ մենք տեխնիկական աջակցություն ենք ստացել և ունենք համաձայնագրեր, որոնք պիտի կատարենք: «Մենք ուզում ենք ուրախությամբ նշել, որ այդ համագործակցությունը հաջող ընթացքի մեջ է, և մեր այցելության նպատակն է նոր թափ հաղորդել երկկողմ համագործակցությանը»,-ասել է ՀՀ վարչապետը: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջին հերթին քննարկվել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հասցրած վնասները ՀՀ տնտեսությանն ու բարեփոխումներին:
«ԵՄ-ի օժանդակությունն էապես օգնեց դիմագրավելու այդ փորձությունը հաղթահարելու դժվարությունները, և այսօր խնդիր է դրված նոր թափ հաղորդել մեր ծրագրերին: Դրանք, նախ և առաջ, մեր համապարփակ համագործակցության ծրագրերն են ԵՄ-ի հետ: Համոզված ենք, որ 2011 թվականին կկարողանանք բոլոր ոլորտներում արձանագրել հաջողություն և պատրաստ կլինենք սկսել նաև համապարփակ համաձայնագրի բանակցությունները»,-ասել է ՀՀ կառավարության ղեկավարը` շնորհակալություն հայտնելով ԵՀ նախագահին ու ԵՄ գործընկերներին ցուցաբերած օժանդակության համար:
Արդյոք բարեփոխումներին նոր թափ հաղորդելու գործընթացում Հայաստանը ԵՄ-ից վարկային որոշ միջոցներ կամ այլ ակնկալիքներ ունի՞, բացի գործընկերության ծրագրերով նախատեսված միջոցներից, հարցին ի պատասխան` ՀՀ վարչապետը նշել է, որ ԵՀ նախագահին ներկայացվել է իրականացվող բարեփոխումների ծրագիրը և դրանց նոր թափ հաղորդելու ցանկություն: «Անշուշտ հասկանալի է, որ բարեփոխումների կարողությունն անհրաժեշտ է ամրապնդել: Մյուս կողմից անհրաժեշտ է նաև զսպել այն ռիսկերը, որոնք բացահայտվում են այդ բարեփոխումներն իրականացնելու պարագայում:
Մասնավորապես` հարկային և մաքսային վարչարարության համարձակ բարեփոխումներ իրականացնելու պարագայում խնդրել ենք մեր գործընկերներին, որպեսզի ստեղծվի մի բուֆերային հիմնադրամ, որը կարող է անհրաժեշտության դեպքում ապահովել մակրոտնտեսական կայունությունը, եթե հարկային հավաքագրումների հետ կապված խնդիրներ առաջանան: Մենք պայմանավորվեցինք, որ այս հարցը կքննարկենք եվրոպական փորձագետների հետ և կներկայացնենք մեր բարեփոխումների ծրագրերը»
,- տեղեկացրել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին Ժ. Բարոզոն նշել է. «Խոստացել ենք, որ աջակցություն կցուցաբերենք Հայաստանին: Մեր թիմերը կաշխատեն միմյանց հետ և կառանձնացնեն այն ոլորտները, որոնցում տեխնիկական աջակցություն պետք է ցուցաբերվի: Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը, ապա մենք նման օժանդակություն ցուցաբերել ենք Հայաստանին, և քանի որ Հայաստանի Հանրապետությունը մակրոտնտեսական մարտահրավերների առջև է կանգնած, ապա կքննարկենք հարցը` զարգացումների առումով: Կարևորն այն է, որ Հայաստանը շարունակի բարեփոխումները, և ԵՄ-ն Հայաստանի կողքին կլինի»: