Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին

հուլիս 04, 2021
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին

Մեծարգո պարոն Քարտուղար,

Իմ սրտագին շնորհավորանքն եմ հղում Ձեզ Անկախության օրվա առթիվ:

Հուլիսի 4-ը միշտ եղել է ոչ միայն տոն, այլ նաև հիշատակի օր, երբ միլիոնավոր ամերիկացիներ հարգանքի տուրք են մատուցում ազատությանը` ոգեկոչելով ազատության ճանապարհին կատարված զոհաբերությունները: Հենց այս ոգին էր, որ Ամերիկայի ժողովրդին դրդեց համագործակցել այլ ժողովուրդների հետ և սատարել բարեկեցիկ ապագայի նրանց ձգտումները:

Մի քանի ամիս անց Հայաստանը և Միացյալ Նահանգները կնշեն դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, և այս համատեքստում ես կցանկանայի իմ գնահատանքն արտահայտնել վերջին երեք տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգների կառավարության կողմից մեր երիտասարդ ժողովրդավարությանը տրամադրված շարունակական աջակցության համար: Ընդհանուր արժեքային համակարգն այն հենքն է, որի վրա խարսխված են մեր հարաբերությունները:

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի համար միշտ կարևոր գործընկեր է եղել անվտանգային հարցերում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ի հանձնառությունը չափազանց կարևոր է մեզ համար. հատկապես այժմ, երբ մեր առջև դեռևս ծառացած են նախորդ տարի Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ծանր հետևանքները:

Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները նոր ջանքեր կգործադրի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և համապարփակ կարգավորման ուղղությամբ` ելնելով հանրահռչակ սկզբունքներից. այն է ` հավասար իրավունքներ բոլորի համար և ժողովուրդների ինքնորոշում:

Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձավ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայերի տունը: Այս առումով, այս տարի ապրիլի 24-ին Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` ի լրումն ԱՄՆ Կոնգրեսի ավելի վաղ ընդունած բանաձևերի, կծառայի ամբողջ աշխարհում պատմական արդարության ու ճշմարտության հաստատման և ցեղասպանությունների կանխարգելման գործին:

Համավարակը մեծ վնասներ է պատճառել ամբողջ աշխարհին` ազդելով նաև մեր երկու երկրների վրա: Մենք ողջունում ենք Ձեր վարչակազմի ջանքերը Միացյալ Նահանգներում պատվաստումների արդյունավետ արշավ կազմակերպելու ուղղությամբ և Ձեր ներդրումը պատվաստումների համաշխարհային ջանքերում:

Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ Անկախության օրվա կապակցությամբ` մաղթելով Ձեզ և բոլոր ամերիկացիներին ուրախ տոն: