Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի գործադիր տնօրենին
հոկտեմբեր 28, 2026
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի գործադիր տնօրեն Իբրահիմա Շեյխ Դիոնգի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հիմնադրամի՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում Հայաստան կատարած այցը՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ՀՀ՝ որպես COP17 նախագահության առաջնահերթությունը՝ նպաստելու բնության պահպանության և վերականգնման համար ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացմանը, ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը։
Դեպի ծով ելք չունեցող երկրների կլիմայական խոցելիության համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել 2024թ․ մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքներին և դրանց հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացված քայլերին։ Երկուստեք ընդգծվել է աղետների ռիսկի արդյունավետ կառավարման կարևորությունը՝ ինչպես վտանգների գնահատման և կանխարգելման, այնպես էլ բնակչության, բնակավայրերի ու ենթակառուցվածքների խոցելիության նվազեցման և համապատասխան կարողությունների զարգացման միջոցով։
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կողմից հիմնադրամին ներկայացված՝ շուրջ 6.8 մլն ԱՄՆ դոլար բյուջեով առաջին ֆինանսավորման հայտի բովանդակությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ապագա կլիմայական իրադարձություններին արձագանքելու ազգային կարողությունները ամրապնդելու տեսանկյունից։