Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Քննարկվել են «Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի» կողմից Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությունները

մարտ 12, 2015
Քննարկվել են «Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի» կողմից Հայաստանում տարբեր ներդրումայ

Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր կեցավայրում ընդունել է «Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի» գլխավոր տնօրենի տեղակալ Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քուվեյթյան հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Քուվեյթի հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, ինչի համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները:
Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանը նշել է, որ քուվեյթյան հիմնադրամը շահագրգիռ է Հայաստանում խոշոր ներդրումներ իրականացնելու գործում և պատրաստակամություն է հայտնել քննարկելու տարբեր մեծածավալ նախագծեր՝ դրանք կյանքի կոչելու համար: Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանը նշել է, որ հիմնադրամը Հայաստանում նաև մի շարք ծրագրեր է իրականացնում միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) շրջանակում և այսուհետ ևս կշարունակի աջակցել ՀՀ-ի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչմանը:
Վարչապետ Աբրահամյանը ողջունել է հիմնադրամի կողմից ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու պատրաստակամությունը և ընդգծել, որ որպես ՀՀ կառավարության ղեկավար անելու է ամեն ինչ, որպեսզի հայ-քուվեյթյան տնտեսական կապերը զարգանան և ընդլայնվեն: