Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Քննարկվել են ԵՄ աջակցության փաթեթի ներքո Կառավարության կողմից մշակված ծրագրերը

հոկտեմբեր 06, 2021
Քննարկվել են ԵՄ աջակցության փաթեթի ներքո Կառավարության կողմից մշակված ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շուրջ աշխատանքային քննարկում: Հանդիպմանը մասնակցում էին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական ներդրումային բանկի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն, ԵՄ և ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Քննարկման սկզբում փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին, ընդգծեց, որ այս աշխատանքային քննարկմամբ մեկնարկում են ԵՄ աջակցության փաթեթի շրջանակներում սահմանված ուղենիշների ներքո Կառավարության կողմից մշակված կոնկրետ նպատակների շուրջ բանակցությունները:

Փոխվարչապետի խորհրդական Մանե Ադամյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության կողմից առաջարկվող ուղենիշները, դրանց հիմնական բաղադրիչները և ինդիկատիվ ծախսերը: Քննարկման ընթացքում հստակեցվել են ծրագրերի արդյունավետ իրականացմանն ուղղված համատեղ քայլերի հաջորդականությունը, ներդրումային և ֆինանսավորման հնարավոր մեխանիզմները: