Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

«Ազատության պաշտպանի մրցանակ»՝ դատավորներին

դեկտեմբեր 09, 2010
«Ազատության պաշտպանի մրցանակ»՝ դատավորներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված «Ազատության պաշտպանի մրցանակ. Հայաստան 2010» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը: Միջոցառումն անցկացվում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Մրցանակը ԱՄՆ Կառավարության կողմից հանձնվում է արդեն երրորդ տարին անընդմեջ և նպատակ ունի արժևորելու այն դրական զարգացումները, որոնք տեղի են ունեցել ընթացիկ տարում:
Ողջունելով ներկաներին և մրցանակակիրներին` վարչապետը, մասնավորապես, նշեց. «Չափազանց կարևոր է, որ այս համակարգում կան պարկեշտ, արժանի մարդիկ, դրական ձեռքբերումներ և շատ հաճախ հենց այդ դրական օրինակներով առաջնորդվելը կարող է ավելի լուրջ խթան հանդիսանալ ոլորտում առկա թերությունները հաղթահարելու գործում»:
Այս տարի Ազատության պաշտպանի մրցանակին արժանացան ՀՀ երեք դատավորներ` Ռուզաննա Բարսեղյանը, Հովսեփ Բեդևյանն ու Մարինե Մելքոնյանը: Ըստ կազմակերպիչների, դատավորների ընտրության հիմքում ընկած են իրավունքի կարևորագույն սկզբունքներին հետևելը, իրավապահ ու պետական այլ մարմիններին ամենաբարձր չափորոշիչներ առաջադրելը և դատական անկախություն հանդես բերելը:
Ազատության պաշտպանի մրցանակը շնորհվում է մարդու իրավունքների, ժողովրդավարության և սոցիալական արդարության պաշտպանությամբ հանդես եկող անհատներին ու հասարակական կազմակերպություններին: