Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Ամփոփվել են ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի 2014 թ. գործունեության արդյունքները

ապրիլ 07, 2015
Ամփոփվել են ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի 2014 թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր ներկայացվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2014 թ. կատարած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է, որ կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գծով 2014 թ. հավաքագրվել է շուրջ 3 մլրդ 697 մլն ՀՀ դրամ, որն ավելացել է շուրջ 1.3 տոկոսով, իսկ պետական տուրքի գծով փաստացի գանձվել է շուրջ 884.000 ՀՀ դրամ, որն ավելացել է շուրջ 1.1 տոկոսով:
Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից 2014 թ. իրականացվել է 214.168 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում և շարժական գույքի գրավի ու լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքի շուրջ 748 միավորի պետական գրանցում (2013 թ. համապատասխանաբար 190.690՝ աճել է 11.9 տոկոսով և 732՝ աճել է 2.2 տոկոսով): Ընթացք է տրվել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունից մուտքագրված գույքային իրավունքների սահմանափակումների ու դրանց վերացման վերաբերյալ շուրջ 187.345 որոշման կատարմանը: Քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրվել է 17241 տեղեկատվություն, որից 8797-ը քարտեզագրական նյութերի վերաբերյալ: Սպասարկման գրասենյակների կողմից ընդունվել է 354.552 դիմում, տրամադրվել է 398.471 ավարտական փաստաթուղթ: Կոմիտեում ներդրված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ է մուտքագրվել առցանց ստացված 7444 դիմում: Անշարժ գույքի գնահատողի, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման ու հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու որակավորման վկայական է տրվել 82 հայտատուի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ ս.թ. ապրիլի 3-ին բացվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ համակարգի կադրային ռեզերվի ստեղծման և աշխատակիցների վերապատրաստման համար:
Մարտին Սարգսյանը նշել է, որ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման արդյունքում Երևանի «Կենտրոն», «Էրեբունի» և «Նոր Նորք» գրասենյակների միավորմամբ կազմավորվել է «Կենտրոն» ընդլայնված սպասարկման գրասենյակ: Որպես պիլոտային ծրագիր Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի ստորաբաժանումների միավորմամբ Երևանում կազմավորվել է «Մարզերի միավորված» ստորաբաժանումը՝ նպատակ ունենալով սահմանափակել պաշտոնյա-քաղաքացի շփումը և նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:
Շարունակվել է համագործակցությունը կադաստրի ոլորտում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների համապատասխան գերատեսչությունների հետ: Համագործակցության հուշագրի շրջանակում արդյունավետ գործակցություն է ծավալվել Արցախի կադաստրի համակարգի հետ՝ տեխնիկական միջոցների տրամադրում, մասնագետների ուսուցում և այլն:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև կոմիտեի 2015 թ. գերակա խնդիրները և ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության ծրագրող նախատեսված միջոցառումները:
Ամփոփելով քննարկումը և անդրադառնալով կոմիտեի 2015 թ. անելիքներին՝ վարչապետը կարևորել է կադաստրի համակարգի գործունեության թափանցիկության ու մատչելիության ապահովմանն ուղղված շարունակական աշխատանքները և բարեփոխումները: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, ընդգծել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման կարևորությունը՝ կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով, «Ուսումնամեթոդական կենտրոնում» որակյալ մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը, ինչպես նաև բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված այլ ծրագրերը: