Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Ամփոփվել են ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության 2015 թ. գործունեության հաշվետվությունը

փետրվար 19, 2016
Ամփոփվել են ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության 2015 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը հաշվետու տարում կատարել է ՀՀ կառավարության՝ 2015 թ. գործունեության ծրագրով սահմանված միջոցառումները: Մասնավորապես, մշակվել և կառավարություն են ներկայացվել իրավական ակտեր՝ ուղղված պետական գույքի կառավարման, այդ թվում՝ մասնավորեցման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության կարգավորման և լուծարման ոլորտում քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:
Արման Սահակյանը ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել 2015 թ. պետական գույքի հաշվառման, մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից ստացված միջոցների վերաբերյալ: Նրա խոսքով՝ 2015 թ. ստացված միջոցները կազմել են 2 875 349.2 հազ. ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 2 787 025.1 հազ. ՀՀ դրամ, համայնքային բյուջեներ՝ 29 141.8 հազ. ՀՀ դրամ, իսկ ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 47 440.5 հազ. ՀՀ դրամ, Վարչության արտաբյուջե՝ 11 000.5 հազ. ՀՀ դրամ: 2015 թ. ստացված դրամական միջոցները 2014 թ. համեմատ ավելացել են 720 513.8 հազ. ՀՀ դրամով. աճը կազմել է 33.4 տոկոս:
Վարչապետը դրական է գնահատել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության 2015 թ. գործունեությունը՝ նշելով, որ հաշվետու տարում նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են: Կառավարության ղեկավարը միաժամանակ կարևորել է պետական գույքի կառավարման արդյունավետության էլ ավելի բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը՝ անհրաժեշտ համարելով գույքագրման, ինչպես նաև մյուս գործընթացների պատշաճ կազմակերպումը: