Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Աշխատանքի հաշվետվություն կներկայացնեն շինարարական բոլոր կազմակերպությունները Կմեծացվի շինարարության ոլորտի պարտավորությունների հսկողությունը

մարտ 19, 2014
Աշխատանքի հաշվետվություն կներկայացնեն շինարարական բոլոր կազմակերպությունները Կմեծացվի շինարարության

Հայաստանում գործող 1600 արտոնագրված շինարարական կազմակերպությունից միայն 778-ը կամ 50 տոկոսն է հաշվետվություն ներկայացնում ՀՀ վիճակագրական ծառայություն: Շինարարության ծավալի վերաբերյալ ամբողջական տեղեկություն ստանալու նպատակով ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հանդես է եկել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Այն ընդունելու դեպքում բոլոր 1600 շինարարական կազմակերպությունները կներկայացնեն հաշվետվություններ, որոնց ամփոփումից հետո կպարզվի երկրի շինարարության ընդհանուր պատկերը: Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Նախկինում ընդունված մեկ այլ որոշման փոփոխությամբ կառավարությունն ակնկալում է բարձրացնել շինարարության ոլորտում՝ պետպատվերի շրջանակում իրականացված աշխատանքի ծավալի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների ճիշտ և ժամանակին հաշվարկելու նկատմամբ հսկողության արդյունավետությունը:
Գործող կարգի համաձայն կառուցապատողը շինարարության շահագործման ակտերի ձևը լրացնելուց հետո պետք է դիմի համայնքի ղեկավարին՝ փաստագրման ակտն ստանալու համար, որից հետո միայն օբյեկտի շինարարությունն ավարտված կհամարվի: Այժմ 2 հազար ավարտական ակտից ընդամենը հազարն է ներկայացվել համայնքի ղեկավարին, և փաստագրման ակտի ստացման ժամկետ սահմանված չէ: Փոփոխելով նախկին որոշումը, գործադիրը պայման է ստեղծում, որպեսզի կառուցապատողը գրանցի իր օբյեկտը և սկսի գույքահարկ մուծել, իսկ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն տեղեկություն ներկայացնի համապատասխան գերատեսչության օբյեկտի վերաբերյալ:
Կառավարության որոշմամբ Երևանի ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակված և այդ կապակցությամբ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի տնօրենի լիազորությունը վայր դրած Հովհաննես Թոքմաջյանի փոխարեն հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Գալստյանը:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը: