Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում ստորագրվել են համագործակցության նոր հուշագրեր

փետրվար 05, 2014
Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում ստորագրվել են համագործ

ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստն սկսվել է 2011 թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման առաջին արդյունքների ամփոփմամբ:
Նիստում ներկայացվել են 2013 թ. առաջին ինը ամսվա կտրվածքով ընդհանուր արդյունաբերական ցուցանիշները, ապա ըստ ոլորտների իրականացված մոնիթորինգի թիրախային ցուցանիշները: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը զեկուցել է, որ 2013 թ. ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է 1 տրիլիոն 204.1 մլրդ դրամի արտադրանք, ինչը 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.8 տոկոսով: Իրացվել է 1 տրիլիոն 214.4 մլրդ դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 8.3 տոկոս աճ, որից արտահանման ծավալը կազմել է 453 մլրդ դրամ:
2013 թ. ինը ամսվա կտրվածքով արտադրանքի իրացման և արտահանման ցուցանիշների աճ է արձանագրվել, մասնավորապես, հետևյալ ոլորտներում՝
դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ - իրացման թիրախային ծավալ՝ 12 մլն ԱՄՆ դոլար, փաստացի՝ 12.6 մլն ԱՄՆ դոլար, արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար, փաստացի՝ 9 ամսվա կտրվածքով՝ 6.7 մլն ԱՄՆ դոլար,
կոնյակագործություն - իրացման ծավալը թիրախային՝ 5 տոկոսից աճել է փաստացի 14.9 տոկոսի, այսինքն՝ գերազանցել է ծրագրված ցուցանիշը շուրջ 10 տոկոսով, արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 135 մլն ԱՄՆ դոլար, 9 ամսվա կտրվածքով փաստացի ցուցանիշ՝ 125.5 մլն ԱՄՆ դոլար: Դա նշանակում է, որ տարեկան կտրվածքով արտահանման ծավալի փաստացի ցուցանիշը կգերազանցի թիրախայինը,
ոսկեգործություն – արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 19.4 մլն ԱՄՆ դոլար, փաստացի ցուցանիշ՝ ինը ամսվա կտրվածքով 15.3 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ առաջնային նպատակային շուկաներում ոսկեգործության արտադրանքի արտահանման ծավալի թիրախային ցուցանիշը եղել է 8.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ փաստացի կազմել է 8.6 մլն ԱՄՆ դոլար՝ 9 ամսվա կտրվածքով:
Այնուհետև անդրադարձ է եղել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ սահմանված ոլորտային ռազմավարությունների համապատասխան գործողությունների ծրագրերի մոնիթորինգի և մեթոդաբանության համակարգին, որն իրենից ներկայացնում է այդ ռազմավարությունների իրականացման մոնիթորինգի և գնահատման ցուցանիշների համակարգ: Վարչապետ Սարգսյանը կարևորել է ունիվերսալ մեթոդաբանության և որակի վերահսկման ունիվերսալ համակարգի մշակումը, որը կիրառելի կլինի ՀՀ արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ գերակա սահմանված բոլոր ճյուղերի համար:
Արդյունքների ամփոփմանը հաջորդել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ գերակա սահմանված ևս երկու ճյուղերի՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ու թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչների հետ համագործակցության հուշագրերի ստորագրման արարողությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտը՝ ի դեմս Հայաստանի ոսկեգործների և ակնագործների միության, Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի, արտադրող ընկերությունների և կրթական և գիտահետազոտական կառույցների, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտը՝ ի դեմս ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության, ոլորտի ընկերությունների և կրթական հաստատությունների ստորագրել են համապատասխան ոլորտային ռազմավարությունների իրականացման վերաբերյալ հուշագրեր: ՀՀ կառավարության անունից փաստաթուղթն ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը, ոսկեգործության, ժամագործության և ադամանդագործության, թեթև արդյունաբերության ոլորտի անունից՝ ոլորտային միությունների և ընկերությունների ներկայացուցիչները:
Ստորագրված հուշագրերի նպատակն է՝ նպաստել ոսկեգործության, ժամագործության և ադամանդագործության ու թեթև արդյունաբերության երկարաժամկետ զարգացմանը` միջազգային մակարդակով մրցունակ արտադրանքի ապահովման և միջազգային ճանաչման ընդլայնման միջոցով, ինչպես նաև ընդլայնել պետական ու մասնավոր հատվածների միջև համագործակցությունն այդ ոլորտների զարգացման ռազմավարության ներքո: Թեթև արդյունաբերության ոլորտային ծրագիրը կնպաստի հագուստի, ինչպես նաև կաշվի և կոշիկի արտադրության ենթաոլորտների, ոսկեգործության ոլորտային ծրագիրը՝ ալմաստի մշակման, ժամացույցների և ոսկյա զարդերի արտադրության ենթաոլորտների զարգացմանն ու արտահանման ծավալի ընդլայնմանը: