Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Դիլիջանի միջազգային դպրոցը համաշխարհային կրթական քարտեզի վրա կունենա իր մեծ դերն ու նշանակությունը. ՀՀ վարչապետ

փետրվար 07, 2014
Դիլիջանի միջազգային  դպրոցը համաշխարհային կրթական քարտեզի վրա կունենա իր մեծ դերն ու նշանակությունը.

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Դիլիջան: Կառավարության ղեկավարը եղել է Դիլիջանի միջազգային դպրոցում, որտեղ նրան ներկայացրել են կրթական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքը:
Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց թիվը 2023թ.-ին կհասնի 650-ի՝ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:
Հայաստանցի շնորհալի ու տաղանդավոր երեխաները կազմելու են դպրոցի աշակերտների 10 տոկոսը, իսկ սփյուռքահայ երեխաների թիվը՝ մոտ 30 տոկոս։
Լրագրողների հետ զրույցում վարչապետը բարձր է գնահատել դպրոցի նշանակությունն ինչպես Դիլիջանի, այնպես էլ Հայաստանի զարգացման հարցում: «Իրականացվում է ժամանակակից շինարարություն՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք Հայաստանում դեռևս չեն օգտագործվել: Սա մեզ համար կարևոր է, քանի որ այդ փորձը, գիտելիքը կկարողանանք կիրառել նաև այլ շինարարական օբյեկտներում: 64 հազար քմ ընդհանուր տարածքում գործելու է մեծ համալիր՝ ժամանակակից սպասարկման նոր մեթոդների կիրառմամբ: Այս պահին այս օբյեկտի շնորհիվ ստեղծվել է շուրջ 1000 աշխատատեղ, սակայն կարևորն այն է, որ երբ այն հանձնվի շահագործման, կստեղծվեն նաև լրացուցիչ նոր բարձր որակավորում պահանջող աշխատատեղեր՝ բարձր աշխատավարձով: Այս օբյեկտը Հայաստանի համար լուրջ առաջընթաց է», - ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ մեր քաղաքացիները կգնահատեն այս օբյեկտի կարևոր նշանակությունը ոչ միայն Դիլիջանի, այլ ընդհանրապես, մեր երկրի կյանքում, քանի որ դպրոցը համաշխարհային կրթական քարտեզի վրա ունենալու է իր տեղն ու նշանակությունը և համապատասխանելու է միջազգային չափանիշներին: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ դրա արդյունքում կբարձրանա նաև մեր երկրի համբավը:
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարության մոտակա նիստերից մեկի ընթացքում կքննարկվի Դիլիջանի միջազգային դպրոցին հարակից ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, ինչի իրականացման համար պետությունը կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:
Դպրոցական համալիրը, բացի ուսումնական մասնաշենքերից ու կացարաններից, ներառում է նաև փակ լողավազան, մարզահրապարակներ, բազմաֆունկցիոնալ, բեմարվեստի, դիզայնի, տեխնոլոգիաների և բժշկական կենտրոններ: Դպրոցի կապիտալ շինարարության և կահավորման բյուջեն կազմում է մոտ 190 մլն դոլար: Ընդ որում, շինարարության առաջին փուլի՝ IB ծրագրի համար անհրաժեշտ կառույցների արժեքը կկազմի 110 մլն դոլար, որից մոտ 50 մլն դոլարն արդեն ներդրված է: Երկրորդ փուլի համար, որը ներառում է նաև տարածաշրջանում լավագույն բեմարվեստի կենտրոնի կառուցումը, նախատեսված արժեքը կազմում է 80 մլն դոլար: Դպրոցի տարեկան գործառնական ծախսերը (2014 թ. սկսած) կկազմեն 3 մլն դոլար, իսկ 650 աշակերտ և 111 աշխատակից ունենալու դեպքում՝ 15 մլն դոլար:
ՀՀ կառավարության հեղինակած օրինագիծը՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին», անցած տարեվերջին ընդունվել է Ազգային Ժողովի կողմից:
2013 թ. հոկտեմբերի վերջին Դիլիջանի միջազգային դպրոցը դարձել է Միացյալ համաշխարհային քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի անդամ և ստացել «UWC Dilijan» անվանումը: Այս տարի UWC համակարգում կարող են ուսանել ՀՀ 17 քաղաքացիներ` 10-ը UWC Dilijan միջազգային դպրոցում, 7-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում:
Դպրոցի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: