Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ԵԿՄ վարչության անդամ, ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ

մայիս 08, 2006

Սիրելի զինակից ընկերներ,

Հպարտությամբ ու ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Երկրապահի օրվա առթիվ:

Մեր անկախ պետականության կերտման ու կայացման գործում մեծ և անժխտելի է Երկրապահի անցած փառավոր ուղին, որի մասին ընդմիշտ կվկայի մեր ժողովրդի պատմությունը: Երկրապահ կամավորականը, սպառնացող օրհասական վտանգի պահին, իր բազում նվիրյալներով ստանձնեց հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման պատասխանատվությունը՝ խորհրդանշելով մեր արդար պայքարի կամքն ու անկոտրում ոգին: Մենք գլուխ ենք խոնարհում մեր մարտական ընկերների, այն զոհված ազատամարտիկների հիշատակի առջև, ովքեր անառիկ պահեցին մեր երկրի սահմաններն ու ապագայի նկատմամբ հավատը: Երկրապահ կամավորականների միությունը, նվիրվածությամբ ու հավատով, այսօր էլ շարունակում է իր նշանակալի ավանդն ունենալ բանակային կադրերի համալրման, զոհված և վիրավոր ընկերների ընտանիքներին սատար կանգնելու, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Խնդիրներ, որոնք կենսական են նաև այսօր և պետք է լուծվեն բոլորիս ընդհանուր ջանքերի ու միասնական աշխատանքի արդյունքում:

Համոզված եմ, որ ապավինելով իր փառավոր ուղուն ու դավանած արժեքներին, Երկրապահը այսուհետ ևս կառաջնորդվի ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ նախանշված սկզբունքներով՝ հավատարիմ մնալով իր բուն կոչմանն ու նպատակներին:

Սիրելի ընկերներ,

Շնորհավորելով հպարտության տոն դարձած այս գեղեցիկ օրվա առթիվ, մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքներին ու մեր ողջ ժողովրդին խաղաղություն, առողջություն և երջանկություն: