Երևանի Էրեբունի վարչական շրջանի սննդի շղթայի տնտեսավարողների մոտ ՍԱՏՄ-ն այսօր խախտումներ չի հայտնաբերել
հուլիս 02, 2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Երևանի Էրեբունի վարչական շրջանում իրականացվող մշտադիտարկման ու կրկնայցերի ընթացքում որևէ խանութում կամ հանրային սննդի օբյեկտում խախտումներ չեն արձանագրել: Տնտեսավարողների այսօրինակ գործելաոճը ոչ միայն ողջունելի է, այլև գնահատելի ու օրինակելի այլ կազմակերպությունների համար: Սա նշանակում է, որ սննդի ոլորտում զբաղված բիզնեսն ականջալուր է ՍԱՏՄ հորդորներին, խորհուրդներին ու ցուցումներին:
ՍԱՏՄ կողմից իրականացվող կասեցումների դինամիկան ևս ցույց է տալիս, որ տնտեսավարողներն առավել պատասխանատվությամբ են սկսել վերաբերվել կորոնավարակով (Covid 19) պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը. այսօր տեսչական մարմնի մասնագետները կասեցրել են սննդի շղթայի միայն երկու տասնյակից մի փոքր ավելի կազմակերպությունների գործունեությունը: Պատճառը տարածված թերացումներն են՝ ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների թերի վարելը, սեղանների և անձանց միջև սահմանված հեռավորությունը չապահովելը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է վերահսկողությունը պարետի որոշումների կատարման նկատմամբ մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում: