Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Ի գիտություն լրագրողների

դեկտեմբեր 12, 2006


«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. մարտի 3-ի N 333-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի» պահանջներին համապատասխան, ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը դեկտեմբերի 1-ից մինչև 29-ը իրականացնում է ՀՀ կառավարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:


Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն՝


ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է՝ նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն).


բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).


գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).


դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են) և մեկ լուսանկար (3X4 չափի):


Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև ՀՀ-ում լրագրողի հավատարմագրման՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:


Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի՝ պետական մարմնում հավատարմագրման համար ՀՀ հավատարմագրում չի պահանջվում, եթե ՀՀ-ի տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:


Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում՝ տվյալ ժամկետով:


Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:


Ուշացումով՝ ս/թ դեկտեմբերի 29-ից հետո ներկայացվելիք դիմումներին ընթացք չեն տրվի:


ՀՀ կառավարության աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության


հետ կապերի վարչություն