Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթի հրապարակման

ապրիլ 01, 2010

«Հրապարակ» օրաթերթի մարտի 27-ի համարում լույս է տեսել Ս. Սիմոնյանի «Վարչապետի ո՞ր հանձնարարականը չի կատարել Կարինե Մինասյանը» հոդվածը, որի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

  1. Ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով կառավարության ղեկավարին են դիմում բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ստեղծագործական միություններ, գիտական ու հետազոտական հաստատություններ, մշակույթի գործիչներ և անհատներ, որոնց ՀՀ վարչապետի ֆոնդից տրամադրվում է դրամական օգնություն։ Նման օժանդակության խնդրանքով կառավարության ղեկավարին է դիմել նաև «Սպառողական մարքետինգի և տնտեսական վերլուծությունների ՍՄԱՐՏ կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որին ՀՀ վարչապետի ֆոնդից, ի թիվս այլ կառույցների, տրամադրվել է օժանդակություն` կազմակերպության պլանավորած աշխատանքների իրականացման համար։
  2. Վարչապետը հանձնարարական է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին։ Տրված հանձնարարականին ոչ պատշաճ պատասխանելու համար (և ոչ թե հանձնարարականը չկատարելու համար) նկատողություն է հայտարարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կ. Մինասյանին, ով հանձնարարականի տրման և կատարման օրերին գործել է որպես ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։
  3. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որևէ առնչություն չունի ոչ ՍՄԱՐԹ ՀԿ-ի, ոչ նրա հիմնադիրների և անդամների, ոչ էլ ղեկավարների հետ։ Հոդվածի համատեքստում նրա անվան շահարկումը միանգամայն անտեղի է։

ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն