Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Իրենց գործունեությամբ աչքի ընկնող կանայք արժանացել են վարչապետի պատվոգրերի

ապրիլ 06, 2012
Իրենց գործունեությամբ աչքի ընկնող կանայք արժանացել են վարչապետի պատվոգրերի

Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցած Վարչապետին կից կանանց խորհրդի նիստի ընթացքում շնորհավորել է բոլոր կանանց մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: «Կանայք մշտապես մեր կյանքում զբաղեցրել են առանձնահատուկ տեղ և ավանդաբար հայ տղամարդը ընդգծված հարգալից վերաբերմունք է ունեցել կնոջ և մոր նկատմամբ: Համոզված եմ, որ սա մեր հասարակության հարաբերական առավելությունն է և մենք պարտավոր ենք այս ավանդույթը պահպանել ու ժառանգաբար հաղորդել մեր ապագա սերունդներին: Այդպիսի վերաբերմունքը կանանց նկատմամբ ուժեղացնում է մեր ազգին և պետությանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը պատվոգրեր է հանձնել տարբեր անվանակարգերում անցկացված մրցույթների հաղթողներին: Մասնավորապես, «Լավագույն կին գործատու» է ճանաչվել Տավուշի մարզը ներկայացնող Ֆլորա Անտոնյանը, երկրորդ տեղն զբաղեցրել է Լոռու մարզից Կարինե Ղուկասյանը, իսկ երրորդը տեղը՝ Սուսաննա Մինասյանը: Այս անվանակարգում անցկացված մրցույթին մասնակցել են 64 կին գործարարներ: Լավագույններն ընտրվել են՝ հաշվի առնելով տարբեր չափորոշիչներ:
«Լավագույն կին նախաձեռնող» անվանակարգում մրցույթին մասնակցել է 24 գործարար: Մրցույթի արդյունքներով առաջին հորիզոնականն է զբաղեցրել Գեղարքունիքի մարզից Լիաննա Ալավերդյան, 2-րդ տեղը` Շիրակի մարզից Կարինե Մկրտչյանը, 3-րդ տեղը` Արմենուհի Խաչատրյանը:
«Մարզի կին բարեգործ» անվանակարգում անցկացված մրցույթին ներկայացվել էր մասնակցության 5 հայտ: Այս անվանակարգում հաղթողներ են ճանաչվել Տավուշի մարզից՝ Անուշ Ծատուրյանը և Գեղարքունիքից՝ Օֆելյա Կարապետյանը:
«Կին արտադրողի լավագույն ապրանքանիշը» անվանակարգում մրցանակաբաշխությանը մասնակցության հայտ էին ներկայացրել 10 գործարարներ: Առաջին տեղն զբաղեցրել է Երևանից Ջուլիետա Դանիելյանը, 2-րդ տեղը՝ կրկին Երևանից Լիդա Սարգսյանը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ Հրադանից Լյուդմիլա Հովհաննիսյանը:
«Լավագույն քաղաքապետ` գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքային համայնքի ղեկավար Գագիկ Մուրադյանը, 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրել են, համապատասխանաբար, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը և Սևանի քաղաքապետ Գևորգ Մալխասյանը:
«Լավագույն գյուղապետ` գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը, 2-րդ տեղն զբաղեցրել է՝ Սյունիքի մարզի Շրվենանց համայնքի ղեկավար Արմինե Մանուկյանը, իսկ 3-րդ տեղը՝ Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր համայնքի ղեկավար Մանվել Մինասյանը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման մրցույթով ներդրվում է գեղեցիկ ավանդույթ: «Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը ներկայացվել է Վարչապետին կից կանանց խորհրդի կողմից, ինչը դրական արձագանք է ստացել: Այսպիսով խրախուսվում է կանանց ակտիվությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին և հույս հայտնել, որ կանայք մշտապես իրենց արժանի տեղը կզբեղեցնեն հանրության շրջանում: