Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կառավարությունում քննարկվել են ավիացիայի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

հուլիս 17, 2015
Կառավարությունում քննարկվել են ավիացիայի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի ավիացիայի ոլորտի խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Հանրային խորհրդի անդամները, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները և ոլորտի մասնագետները:
Քննարկվել են ՀՀ կառավարության կողմից «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումից հետո ՀՀ քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը: Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են ոլորտի բարեփոխմանն ուղղված մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում էին Հայաստանի ավիացիոն շուկայի մրցակցության բարձրացմանը, օտարերկրյա ավիաընկերությունների ներգրավմանը, տեղական ավիափոխադրողների հիմնմանը, ավիացիոն ոլորտի օրենսդրության բարելավմանը և այլն:
Կառավարության ղեկավարը, ամփոփելով մտքերի փոխանակումը, կարևորել է նման ձևաչափով քննարկումները՝ առկա խնդիրները վերհանելու և զարգացման ուղղությունները նախանշելու առումով: Ընդգծելով, որ ավիացիայի ոլորտը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում, վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության և հանձնարարել պատասխանատուներին՝ աշխատանքային խմբի շրջանակում շարունակել քննարկումները: