Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կառավարությունում քննարկվել են ավիացիայի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

օգոստոս 05, 2015
Կառավարությունում քննարկվել են ավիացիայի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի ավիացիայի ոլորտի բարեփոխումների ընթացքի և հեռանկարների վերաբերյալ, որին մասնակցել են միջազգային դնոր կազմակերպությունների՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակների, ինչպես նաև «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի և պատկան գերատեսչությունների ներկայացուցիչները:
Հանդիպմանն արծարծվել է ՀՀ կառավարության որդեգրած «բաց երկնքի» քաղաքականության իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ կառավարության և դոնոր կառույցների կողմից ավիացիոն ոլորտի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների քննարկումից հետո կողմերն անդրադարձել են հետագա համատեղ քայլերին: Այս առումով, մասնավորապես, երկուստեք կարևորվել է «բաց երկնքի» քաղաքականության իրականացման կոնկրետ գործողությունների ծրագրի և ժամանակացույցի մշակումը, հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով համակարգված գործողությունների իրականացումը, զբոսաշրջության ռազմավարության մշակումը և այլն: Նշելով, որ գործադիրը շարունակում է հայկական ավիաշուկայի մրցակցության բարձրացմանը, նոր ավիաընկերություններով համալրմանը, ոլորտի օրենսդրության բարելավմանն ուղղված քայլերը՝ վարչապետը կարևորել է դոնոր համայնքի հետագա օժանդակությունը բարեփոխումների շարունակական իրականացման, միջազգային փորձագետների ներգրավման և մարդկային ռեսուրսների վերապատրաստման գործում:
Միջազգային կառույցների ներկայացուցիչները բարձր են գնահատել զբոսաշրջության խթանման, ավիացիայի ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և պատրաստակամություն հայտնել աջակցել գործադիրին՝ բարեփոխումների տարբեր բաղադրիչների իրականացման գործընթացում:
Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, քանի որ դրանք նպաստում են համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել միջազգային դոնոր կառույցների ներկայացուցիչներին՝ կառավարությանն օժանդակելու պատրաստակամության համար և վստահեցրել, որ հետևողական է լինելու ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: