Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կառավարությունում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր

մարտ 14, 2018
Կառավարությունում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին և զարգացման ռազմավարությանը վերաբերող հարցեր:
Զեկուցվել է, որ բարեփոխումների ծրագրով 14 մլրդ դրամ գնահատվող 29 միջոցառում է նախատեսվում: Մասնավորապես, միջոցառումներն ուղղված են լինելու «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային պահպանավայրի ստեղծմանը, ազգային պարկի կառավարման պլանի մշակմանը, ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրմանը, ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժմանը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման գոտիները հատուկ նշաններով առանձնացնելուն, ցուցանակների տեղադրմանը, զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստի կազմակերպմանը, դեպի հուշարձաններ ճանապարհների կառուցմանն ու հիմնանորոգմանը: Միջոցառումներ են ձեռնարկվելու նաև պատասխանատու արդյունագործական ձկնորսության, էկոլոգիապես մաքուր արտադրության, ջերմատնային տնտեսությունների կազմակերպման, ինտենսիվ այգիների հիմնման, Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցման և այլ ուղղություններով:
Զեկուցվել է, որ այս տարվա ընթացքում ազգային պարկի տարածքում մասնավոր հատվածի կողմից նախատեսվում է երկու ներդրումային ծրագրի իրականացում:
Կարեն Կարապետյանը կարևորել է «Սևան» ազգային պարկի պահպանման ու կառավարման արդյունավետության բարձրացումը՝ միաժամանակ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել նաև համայնքների մոտեցումները՝ վերջիններիս զարգացմանը չխոչընդոտելու նպատակով: Վարչապետն անհրաժեշտ է համարել ազգային պարկի տարածքի գոտիավորումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացման համար հստակ չափանիշների սահմանումը, այդ թվում՝ կանաչ տարածքների պահպանման, ձևավորման և այլ ուղղություններով: