Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կառավարությունում քննարկվել են Վայոց ձորի զարգացման ներդրումային ծրագրերը

հունվար 12, 2017
Կառավարությունում քննարկվել են Վայոց ձորի զարգացման ներդրումային ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Վայոց ձորի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերը:
Բիզնես ծրագրերը վերաբերում էին օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, կաթնամթերքի արտադրության զարգացմանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը, զբոսաշրջային հնարավորությունների կազմակերպմանը և այլն: Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորման և ֆինանսական գնահատականների վերաբերյալ:
«Ցանկացած գաղափար, որը կարող է հավելյալ արժեք ստեղծել, լավն է, բայց այն պետք է լինի առարկայական՝ քննարկելու և կյանքի կոչելու համար: Ով ունի նորմալ տրամաբանական նախաձեռնություն և հաջողակ գործարար է, նա պետք է իրականում զգա, որ մենք իր կողքին կանգնած ենք», - ընդգծել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանը կարևորել է բիզնես ծրագրերի կոնկրետացումը՝ ակնկալվող արդյունքների ու ռիսկերի գնահատմամբ և հանձնարարել պատասխանատուներին՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով համատեղ ուսումնասիրել աջակցության հնարավորությունները: