Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կառավարությունում քննարկվել են «Քեյ Ջի Քեյ» խոշոր ընկերության ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր

օգոստոս 18, 2015
Կառավարությունում քննարկվել են «Քեյ Ջի Քեյ» խոշոր ընկերության ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է հնդկական «Քեյ Ջի Քեյ» խոշոր ընկերության տնօրեն Սանջայ Քոթարիի գլխավորած պատվիրակությանը: Ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 15 երկրներում և մասնագիտացված է ադամանդագործության, ոսկեգործության և հանքարդյունաբերության ոլորտներում:
Վարչապետը ողջունել է «Քեյ Ջի Քեյ» խոշոր ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու մտադրությունը և հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը՝ դրանք կյանքի կոչելու գործում: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ գործադիրը պատրաստ է քննարկել ընկերության յուրաքանչյուր նախաձեռնություն և օժանդակել տարբեր հարցերում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ-ն այս տարվա հունվարի մեկից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, ինչն իր հերթին հնարավորություն կտա «Քեյ Ջի Քեյ»-ին մուտք գործել նաև եվրասիական 170 միլիոնանոց շուկա:
Սանջայ Քոթարին շնորհակալություն է հայտնել վարչապետին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար և նշել, որ իրենք մեծապես շահագրգիռ են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման գործում:
Կողմերը վստահություն են հայտնել, որ «Քեյ Ջի Քեյ» ընկերության մուտքը մեր երկիր կնպաստի նաև հայ-հնդկական տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև ՀՀ-ում նոր աշխատատեղերի ստեղծմանը: