Կպարզեցվի անշարժ գույքի հասցեավորման գործընթացը և կձևավորվի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազա
նոյեմբեր 12, 2026
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գործադիրը հավանության է արժանացրել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Արդյունքում կպարզեցվի անշարժ գույքի հասցեավորման գործընթացը, կնվազեցվի ավելորդ վարչարարությունը և կապահովվի հասցեների վերաբերյալ միասնական, ամբողջական, հավաստի և գործող ստանդարտներին համապատասխան պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազայի ձևավորումը։
Օրենքի կարգավորումները հնարավորություն կտան հասցեավորման հետ կապված խնդիրները լուծել ոչ միայն քաղաքացու դիմումի հիման վրա, այլև անշարժ գույքի պետական ռեգիստրի և հասցեավորումն իրականացնող լիազոր մարմինների նախաձեռնողական համագործակցության միջոցով։ Արդյունքում՝ արդեն իսկ գրանցված անշարժ գույքերի հասցեների անհամապատասխանությունները հնարավոր կլինի վերացնել առանց քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ առաջացնելու։
Նախագծի ընդունումը կնպաստի նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունների հստակեցմանը, ժամկետների պահպանման ապահովմանը։
Ընդհանուր առմամբ, կձևավորվի հասցեների կառավարման ավելի արդյունավետ, կանխատեսելի և թվայնացված համակարգ, որը կնպաստի անշարժ գույքի պետական գրանցման գործընթացների պարզեցմանը, տվյալների որակի բարձրացմանը և քաղաքացիների ու իրավաբանական անձանց համար առավել հստակ վարչարարական միջավայրի ձևավորմանը։
«Մեր գերխնդիրն է հասնել նրան, որ ունենալ կենտրոնական շտեմարան և հետո օրենսդրորեն կարգավորել այն բոլոր ծառայություն մատուցողների հետ փոխադարձ հարաբերությունները, որոնք որ պետք է օգտվեն արդեն կենտրոնական շտեմարանից և այս տվյալները պետք է փոփոխվեն «լայվ» ռեժիմով կոնկրետ այն պահին, երբ օրինակ հենց փողոցի անվանափոխման խնդիր է առաջանում համայնքի մոտ և տեղի է ունենում փողոցի անվանափոխում շտեմարաններում», - նշել է Սուրեն Թովմասյանը: Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ պլանավորվել է տարածական տվյալների և ենթակառուցվածքի լույսի ներքո ներդնել համակարգ, որտեղ «լայվ» ռեժիմներով կերևա կոնկրետ փոփոխությունները և երբ հասցեների փոփոխությունները կմուտքագրվեն հասցեների շտեմարան, անմիջապես այդ փոփոխությունները կարտապատկերվի Հայաստանի Հանրապետության ազգային գեոպորտալում և դա դառնալու է համընդհանուր գործիք, որից օգտվելու են և այն ստանալու է իրավական ուժ արդեն օրենսդրական հետագա կարգավորումների ժամանակ:
Ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Մասսայական և թիրախային ծանուցման ռեժիմ պիտի զուգահեռ տանենք առաջ, որպեսզի քաղաքացիներին անհարմար չլինի: Նաև պետք է հասկանանք ինչ ստանդարտով ենք մենք ծանուցում ծառայություն մատուցողներին, որոնք օգտագործում են հասցեների մասսայական շտեմարանները»:
Աջակցություն կցուցաբերվի Արենի տեսակի խաղողի իրացման հարցում
Հավանության է արժանացել 2026 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է Վայոց ձորի մարզում 2026 թվականին խաղողագործների կողմից արտադրված Արենի տեսակի խաղողի իրացման հարցում աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։
Առաջարկվում է 2026 թվականի Վայոց ձորի մարզում արտադրված Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման համար Արենի տեսակի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն հետևյալ պայմաններով՝
- Վայոց ձորի մարզից առնվազն 800 տոննա և ավելի քանակությունը նվազագույնը 210 դրամով մթերված Արենի տեսակի խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրել 70 դրամի չափով սուբսիդավորում,
- առնվազն 800 տոննա և ավելի քանակի մեջ հաշվի չի առնվում և սուբսիդավորում չի տրամադրվում տնտեսավարող սուբյեկտին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքներից մթերվող (գնվող) խաղողի համար։
Աջակցության տրամադրման առնվազն 800 տոննա շեմը որոշվել է այն տրամաբանությամբ, որ ծրագրից չկարողանան օգտվել գինու արտադրության նպատակով Արենի մթերող տնտեսավարողները՝ գինու արտադրության ոլորտում անհավասար մրցակցային պայմաններ չստեղծելու նպատակով։
Որոշման ընդունմամբ տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան կոնյակի սպիրտի արտադրության նպատակով մթերելու Վայոց ձորի մարզի տարածքում արտադրված Արենի տեսակի խաղողը, որով կլուծվի Արենի տեսակի խաղողի մթերման հետ կապված խնդիրը։
Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի 6 ամսով արտահանման արգելք՝ 2027 թ․ հունվարի 2-ից
Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք։ Որոշման ընդունումը բխում է ՀՀ-ի պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում Սևանա լճում նկատվում է սիգի կայուն կենսազանգված (2019 թ․՝ 2668 տոննա, 2020 թ․՝ 2345 տոննա, 2021 թ․՝ 5348 տոննա 2022 թ․՝ 4700 տոննա, 2023 թ․՝ 3974 տոննա, 2024 թ․՝ 1293 տոննա, 2025 թվականին՝ 3591,8 տոննա ), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացում (2020 թ․՝ 300 տոննա, 2021 թ․՝ 300 տոննա, 2022 թ․՝ 600 տոննա, 2023 թ․՝ 600 տոննա, 2024 թ․՝ 679 տոննա, 2025 թ․՝ 1123 տոննա): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավելի)։ Միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, ինչպես նաև մարդածին մեծ բացասական ազդեցության ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքի հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք 2027 թ. հունվարի 2-ից՝ վեց ամիս ժամկետով:
Կընդլայնվի ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շահառուների շրջանակը
Գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շահառուների շրջանակը ընդլայնելու և թողարկվող արտադրանքի պահման հնարավորությունները բարելավելու հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Ծրագրի շրջանակներում շահառուները կարող են ձեռք բերել գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ։ Հիմնավորման համաձայն՝ կաղնեփայտե տակառներն օգտագործվում են նաև սննդամթերքի ու խմիչքի արտադրության այլ ոլորտներում, մասնավորապես՝ պտղահատապտղային գինիների և օղիների, ինչպես նաև խնձորի քացախի արտադրության ոլորտներում, արտադրանքը պահելու, հնացնելու և ավելի բարձրարժեք ու պահանջված արտադրանք ստանալու նպատակով։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրի շրջանակում գինեգործության ոլորտում գործող շահառուներից բացի կաղնեփայտե տակառների ձեռքբերման հնարավորություն տալ նաև սննդամթերքի ու խմիչքի արտադրության ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին։
Կվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմը
Կառավարության որոշմամբ Խարբերդի մասնագիտացված մանկատունը կվերանվանվի Խարբերդի խնամքի կենտրոն։ Որոշմամբ նախատեսվում է նաև վերանայել բնակչության սոցիալական պաշտպանության մասնագիտացված հաստատությունում խնամք ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ այն համապատասխանեցնելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքին և մի շարք իրավակարգավորումներին: Խնամարկյալների տարիքային շեմի վերանայումը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել հաստատության գործունեությունը, հստակեցնել շահառուների շրջանակը և բարելավել խնամքի, վերականգնողական ու սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը։ Արդյունքում ակնկալվում է բարձրացնել սոցիալական ծառայությունների հասանելիությունն ու որակը, ինչպես նաև նպաստել շահառուների սոցիալական ներառման և կյանքի որակի բարելավմանը։ Կընդլայնվի նաև կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները. մասնավորապես դրանց շարքում կլրացվեն շուրջօրյա, կարճաժամկետ, ցերեկային խնամքի, վերականգնողական, խորհրդատվական և այլ մասնագիտացված սոցիալական վճարովի ծառայությունների տրամադրումը, զարգացնող թերապիաների (լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի, ադապտիվ ֆիզկուլտուրայի, էրգոթերապիայի, հիպոթերապիայի) վճարովի ծառայությունները:
Թույլտվություն է տրվել գնման պայմանագրում կատարել փոփոխություն՝ ինսուլինի ձեռքբերման համար
Գործադիրը հավանություն է տվել «Գնման պայմանագրում փոփոխություն կատարելուն թույլտվություն տալու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծին:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող կենտրոնացված գնումների շրջանակներում 2026-2028 թվականների բյուջետային հայտերով նախատեսվել է մինչև 28 տարեկան շաքարային դիաբետով պացիենտների անվճար կամ արտոնյալ պայմաններով ապահովման նպատակով ձեռք բերել երկարատև ազդեցության ինսուլիններ։ Այդ նպատակով, Նախարարության և «Մ.Լ.Ն. Ֆարմ» ՍՊԸ-ի միջև 19.08.2025թ. կնքվել է N ԷԱՃԱՊՁԲ-2026/1-1 գնման պայմանագիրը, որի 2-րդ չափաբաժնով նախատեսված է եղել «Լեվեմիր» (ինսուլին դետեմիր) տեսակի երկարատև ազդեցության ինսուլինի ձեռքբերումը, սակայն, «Նովո Նորդիսկ» (Novo Nordisk) դեղագործական ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ արտադրական գլոբալ հզորությունների վերաբաշխման պատճառով ամբողջ աշխարհում ամբողջությամբ դադարեցվում է «Լեվեմիր» (ինսուլին դետեմիր) դեղի արտադրությունն ու մատակարարումը։ Ստեղծված իրավիճակում անհնարին է դառնում կնքված պայմանագրի շրջանակներում տվյալ ապրանքատեսակի հետագա մատակարարումը Հայաստանի Հանրապետություն։
Հաշվի առնելով նշված դեղամիջոցի կենսական նշանակությունը թիրախային խմբի՝ մինչև 28 տարեկան երեխաների և երիտասարդների կյանքի որակի և առողջության պահպանման համար, անհրաժեշտություն է առաջացել վերանայել գնումների պլանը և բյուջետային հատկացումների շրջանակներում ապահովել անցումը նույն արտադրողի ավելի նոր, առավել արդյունավետ և շուկայում կայուն հասանելիություն ունեցող նոր սերնդի «Ինսուլին դեգլուդեկ» («Տրեսիբա»/Tresiba) դեղին։ Նոր սերնդի «Ինսուլին դեգլուդեկ» (Tresiba) դեղի միավորի շուկայական արժեքը տարբերվում է դադարեցված «Լեվեմիր» դեղի գնից, որոշման ընդունմամբ ՀՀ առողջապահության նախարարությանը կնքված N ԷԱՃԱՊՁԲ-2026/1-1 պայմանագրում կկատարի համապատասխան փոփոխություն՝ 2-րդ` «Ինսուլին երկարատև ներարկման լուծույթ 100ՄՄ/մլ 3մլ» չափաբաժնի համար սահմանելով նոր միավորի գին՝ 7,680 ՀՀ դրամ, գործող 5,475.69 ՀՀ դրամ միավոր գնի փոխարեն։
Կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ Տրեսիբայի օրական դեղաչափը միջինում 20-30%-ով պակաս է, քան Լեվեմիրի օրական դեղաչափը։ Թեև Տրեսիբայի մեկ գրիչ-ներարկիչի նախնական գինն ավելի բարձր է (7,680 ՀՀ դրամ), դրա ծախսվող ընդհանուր քանակը 30 տոկոսով պակասում է, ինչը երկարաժամկետ կտրվածքով կոմպենսացնում է գնային տարբերությունը և տնտեսապես ձեռնտու է պետական բյուջեին:
Միջազգային համագործակցություն
Գործադիրն ընդունել է «Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրման գործընթացին ՀՀ բաժանորդագրության մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ Հայաստանը, հանդիսանալով Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հիմնադիր անդամ երկիր, 1998 թ․-ից ի վեր իրականացնում է բանկի հետ սերտ և բազմակողմանի համագործակցություն։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բանկի կանոնադրական կապիտալի համալրման գործընթացին Հայաստանի Հանրապետության լիարժեք մասնակցությունն ապահովելու և բանկի կանոնադրական կապիտալում իր ձայնի իրավունքի կշիռը պահպանելու անհրաժեշտությամբ։ Երկարաժամկետ հեռանկարում ակնկալվում է, որ այս համագործակցությունը կընդլայնի Հայաստանի տնտեսության իրական հատվածում ֆինանսավորման նոր ծրագրերի հասանելիությունը, կնպաստի պետություն-մասնավոր համագործակցության խորացմանը և կապահովի բանկի 2027-2030 թթ․ ռազմավարության շրջանակներում նոր ներդրումների ներգրավումը ՀՀ։
Կառավարությունը հավանություն է տվել 2026 թ․ օգոստոսի 12-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հայաստան՝ Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն. Ծրագրի իրականացման աջակցություն» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման նպատակով կնքված համաձայնագրերով նախատեսվում է ՀՀ-ին հատկացնել շուրջ 45.0 մլն եվրո, որից վարկային միջոցներ` 39.0 մլն եվրո (2 տրանշով) և դրամաշնորհային միջոցներ՝ 6.0 մլն եվրո: Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծումն ու գործարկումը հնարավորություն կտան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին մատուցել ժամանակակից, բարձրակարգ և միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ էականորեն բարելավելով սպասարկման որակը և գործընթացների արագությունը։ Միաժամանակ, նշված կենտրոնը կապահովի մաքսային հսկողության և վարչարարության իրականացման համար անհրաժեշտ բարձր արդյունավետություն, թափանցիկություն և կանխատեսելիություն՝ նպաստելով ռիսկերի նվազեցմանը և մաքսային հսկողության դյուրացմանը։
Հավանություն է տրվել նաև 2026 թ․ օգոստոսի 12-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Հայաստան՝ Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն. Ծրագրի իրականացման աջակցություն» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման նպատակով կնքված hամաձայնագրերով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել շուրջ 12.0 մլն եվրո, որից վարկային միջոցներ՝ 10 մլն եվրո և դրամաշնորհային միջոցներ՝ 2 մլն եվրո: Կենտրոնի ստեղծմամբ հնարավորություն կընձեռվի ունենալ բավարար մաքսային ենթակառուցվածք թե՛ շենքային պայմանների, թե՛ տեխնիկական հագեցվածության և թե՛ տեղեկատվական համակարգերի հասանելիության տեսանկյունից։
Այլ որոշումներ
Գործադիրը «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ընդունել է որոշում, որը պայմանավորված է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Որոշումով առաջարկվում է 2026 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,434,914.1 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Կառավարության որոշմամբ նախատեսվել է կրթական ծրագրի իրականացումն արտոնելու երկաստիճան համակարգ՝ մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորում և յուրաքանչյուր որակավորման լիցենզավորում։ Գործունեության այս տեսակներով լիցենզավորման որպես լիազոր մարմին հանդես է գալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Գործադիրի որոշմամբ Արդարադատության նախարարության «Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Արարատի մարզային մասնաճյուղում կստեղծվեն աշխատանքային նորմալ պայմաններ և հնարավորություն կստեղծվի պատշաճ կազմակերպել արխիվային փաստաթղթերի պահպանությունը։ Ըստ հիմնավորման՝ Ազգային արխիվի Արարատի մարզային մասնաճյուղն իր գործունեությունը ծավալում է Արտաշատ համայնքի կողմից տրամադրված 986.2քմ տարածքով շենքում: Մասնաճյուղի շենքը գտնվում է անմխիթար պայմաններում, չկա ջեռուցման համակարգ, սանիտարահիգիենիկ, ջերմախոնավային և անվտանգության համար անհրաժեշտ պայմաններ, ինչի պատճառով հնարավոր չէ պատշաճ կազմակերպել արխիվային փաստաթղթերի պահպանությունը և քաղաքացիների սպասարկումը, ինչպես նաև աշխատակիցների համար ստեղծել աշխատանքային բավարար պայմաններ:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է սահմանել հարկային մարմնում հաշվառված՝ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու կարգը։