Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Հանդիպում ԱՄՀ ներկայացուցիչների հետ

դեկտեմբեր 09, 2009
Հանդիպում ԱՄՀ ներկայացուցիչների հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսին` Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ, և այդ պաշտոնում նրան փոխարինող Գիերմո Տոլոսային։
Վարչապետը ՀՀ կառավարության անունից ջերմ շնորհակալություն է հայտնել Նինկե Օմեսին մեր երկրում արդյունավետ աշխատանքի համար, ճանաչողական զրույց ունեցել Գիերմո Տոլոսայի հետ, ով մինչև նոր պաշտոնին անցնելը պաշտոնավարել է ԱՄՀ ռազմավարության, քաղաքականության և ուսումնասիրության դեպարտամենտի նոր ձևավորվող շուկաների բաժնում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրների շուրջ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել է ճգնաժամի հարուցած հետևանքներին դիմակայելու ուղղությամբ կառավարության գործադրած ջանքերի, Հայաստանի տնտեսության վրա նրա ունեցած դրսևորումների մասին, նշել այն խնդիրներն ու ուղղությունները, որոնք առաջիկայում ևս գտնվելու են ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցության շրջանակում։ Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄՀ նոր մշտական ներկայացուցչի հետ աշխատանքը կլինի նույնքան արդյունավետ։
Նինկե Օմեսը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքի ջերմ խոսքերի և իր գործունեությունը գնահատելու համար, վստահեցրել, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և հնարավորինս կօժանդակի մեր երկրին հաղթահարելու առկա հիմնախնդիրները։