Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ լավագույն 10 մարզիկները պարգևատրվել են ՀՀ վարչապետի կողմից

դեկտեմբեր 25, 2013
ՀՀ լավագույն 10 մարզիկները պարգևատրվել են ՀՀ վարչապետի կողմից

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած տարվա լավագույն մարզիկների մեծարման երեկոն:
Լավագույն տասնյակում ընդգրկված մարզիկներին դրամական պարգևներ է հանձնել անձամբ վարչապետ Սարգսյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացված հարցման արդյունքներով Հայաստանի տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ազատ ոճի ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանը։ Երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել են Աշխարհի առաջնության մրցանակակիրներ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը և Ռոման Ամոյանը:
Լավագույն տասնյակի հաջորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են սամբոյի աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը (5-րդ հորիզոնական), ֆուտբոլիստներ` Յուրա Մովսիսյանը (6-րդ հորիզոնական) և Հենրիխ Մխիթարյանը (7-րդ հորիզոնական), ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Մուսա Մուրտազալիևը (8-րդ հորիզոնական), համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (9-րդ հորիզոնական) և բռնցքամարտիկ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Արամ Ավագյանը (10-րդ հորիզոնական)։
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է լավագույն մարզիկներին և մաղթել նորանոր հաջողություններ ու մարզական ձեռքբերումներ:
Դավիթ Սաֆարյանը 2002 թվականից ի վեր այս տարի առաջին անգամ Հայաստանի համար ազատ ոճի ըմբշամարտում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։
Միջոցառման ընթացքում մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են ՀՀ նախագահի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի կողմից շնորհված պարգևներով: