Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ կառավարությունը կքննարկի կրթական համակարգում լավագույն մեթոդաբանության ներդրման հարցը

դեկտեմբեր 07, 2013
ՀՀ կառավարությունը կքննարկի կրթական համակարգում լավագույն մեթոդաբանության ներդրման հարցը

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն իրենց աշխատանքային շաբաթ օրը հյուրընկալել են վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հանրապետության վարչապետն այսօր այցելել է ուսումնական հաստատություն` ստեղծողի մոբիլ դպրոցին ու հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման և տարածման համակարգին ծանոթանալու նպատակով: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կառավարության ղեկավարին մանրամասն ներկայացրել է ուսուցման կազմակերպման գործընթացը՝ սկսած նախակրթարաններից ավարտած ավագ դպրոցներով: Կրթահամալիրն ունի չորս կրտսեր դպրոց, միջին դպրոց, վարժարանային, արհեստագործական, գեղարվեստի ավագ դպրոցներ, մասնագիտական ուսուցման քոլեջ և մեդիակենտրոն:
Վարչապետ Սարգսյանը շրջայցն սկսել է կրթահամալիրի մեդիակենտրոնից, որն իրենից ներկայացնում է ոչ ֆորմալ ուսուցման և կառավարման կենտրոն: Այն ներառում է երկու ակումբ, ունի մեդիասրահներ, այստեղ կազմակերպվում են ընթերցավարների ամենշաբաթյա սեմինարներ: Տիգրան Սարգսյանին են ներկայացվել կրթահամալիրի կայքը՝ mskh.am-ը, ենթակայքերը, ամսագրերը։
Այնուհետև վարչապետը եղել է գեղարվեստի կրտսեր և ավագ դպրոցներում, թատրոնի և պարի ակումբում, ծանոթացել ավագ դպրոցի արվեստանոցներում իրականացված «Պիկասո» և ընթերցարան-լաբորատորիայում կազմակերպված նախագծային աշխատանքների արդյունքներին: Գեղարվեստի կրտսեր դպրոցն ունի մանկապարտեզային շաբաթօրյա խումբ, իրականացվում են կրթահամալիրի կրտսեր դպրոցների դասվարների և նախակրթարանների դաստիարակների ամենշաբաթյա սեմինարներ:
Լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Սարգսյանը կարևորել է կրթական հաստատությունների միջև փորձի փոխանակումը. «Մենք կկազմակերպենք մտքերի փոխանակում և բանավեճ՝ կրթական համակարգում լավագույն մեթոդաբանությունը ներդնելու համար, կքննարկենք դրանց հարաբերական առավելությունները, թույլ և ուժեղ կողմերը: Սա խթան է մեզ համար, որպեսզի նոր թափ հաղորդենք կրթական բարեփոխումներին և ընդունենք այն կրթահամալիրները, որոնք հաջողության են հասել, և որոնց նկատմամբ կա նաև ծնողների վստահություն»: Ընդգծելով երեխայի ինքնադրսևորմանն ուղղված մեթոդաբանության կարևորությունը՝ վարչապետը նշել է. «Մենք պետք է բազմազանություն ապահովենք կրթական համակարգում և հնարավորություն տանք մեր տաղանդաշատ ուսուցիչներին, որ նրանք նույնպես ինքնադրսևորվեն և կարողանան այդ կապը հաստատել երեխայի հետ: Մենք ուսումնասիրում ենք այս կրթահամալիրի փորձը, որպեսզի, ստեղծելով հենց այսպիսի միջավայր, կարողանանք բացահայտել երեխայի տաղանդը և շնորհները: Կարևոր է, որպեսզի ուսուցիչները պատրաստ լինեն աշխատել այսպիսի միջավայրում: Բնականաբար, ես կցանկանամ, որպեսզի իմ երեխաներն էլ այսպիսի միջավայրում կրթություն ստանան, որովհետև այն ապահովում է բազմազանություն, ուրույն մտածողություն, ստեղծագործական մոտեցում»:
Կրթահամալիրի մայր դպրոցում վարչապետ Սարգսյանն այցելել է պատանեկան ակումբներ, որտեղ կազմակերպվում են մարմնամարզության և հանրակրթական պարի դասընթացներ, ինչպես նաև կրթահամալիրի դպրոցների խոհարարների սեմինարներ: Հաջորդիվ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել ուսումնական հաստատության սաների կազմակերպած համերգին և ողջույնի խոսքում բարձր գնահատել կրթօջախում ձևավորված մթնոլորտի դերը՝ որպես երեխաների դաստիարակության կարևոր գործոն:
Կրթահամալիրի ուսումնական ծրագրերի վերաբերյալ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում սաները վարչապետին են ներկայացրել ՀՀ նախարարությունների, ուսումնական հաստատությունների, մասնավոր ընկերությունների, Արցախի կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Վրաստանի դպրոցների հետ ծավալված համագործակցության և համատեղ ծրագրերի արդյունքները:
Ամփոփելով կառավարության ղեկավարը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել աշակերտներին ջերմ ընդունելության համար. «Մեր այցի նպատակն էր՝ ծանոթանալ կրթահամալիրին և կառավարությունում մասնագիտական քննարկում ծավալել, թե կրթական համակարգի բարեփոխումներն ինչպես ենք առաջ տանելու: Այսօր Հայաստանում կան տարբեր մոտեցումներ, թե ինչպիսին պետք է լինի միջնակարգ կրթական համակարգը, և որ մոդելն է առավել ընդունելի մեզ համար»: Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում կրթական համակարգում, և զարգացման ուղիով ընթանում են այն պետությունները, որոնք կարողանում են գտնել կրթական համակարգի լավագույն մոդելը և ապահովել իրենց պետության ու ժողովրդի առաջընթացը: Նա շնորհակալություն է հայտնել ծրագրերին ծանոթանալու հնարավորության համար և ընդգծել, որ ՀՀ տարբեր կրթահամալիրների փորձի համեմատական վերլուծությունը և համադրումը հնարավորություն կտա բովանդակային քննարկումներ կազմակերպել և ճիշտ որոշումներ կայացնել: