Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումները մանկապարտեզներում և արձանագրված խախտումների դեպքում դրանց գործունեության դադարեցումները

հունիս 11, 2020

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս կատարված մշտադիտարկման արդյունքում մայրաքաղաքի երեք նախադպրոցական ուսումնական հաստատություններում պարետի որոշմամբ հաստատված նորմերի խախտումներ են արձանագրվել: Ըստ այդմ՝ ՀՀ պարետի N-127 Ա որոշման համաձայն, երկու օրով կասեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 և 94 մանկապարտեզների և Արաբկիր վարչական շրջանի թիվ 25 մանկապարտեզի գործունեությունը: Իրականացված ստուգայցերի ընթացքում այս մանկապարտեզներում հայտնաբերվել են հակահամաճարակային կանոնների պահպանման մի շարք խախտումներ, մասնավորապես` երեք մանկապարտեզներն էլ ապահովված չեն եղել հոսող տաք ջրով, արձանագրվել է սպասքի լվացման հաստատված կանոնների պահպանման թերացում, իսկ մանկապարտեզներից մեկում խմբերի սանհանգույցներում աղբամաններ չեն եղել:

ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում՝ Կրթության տեսչական մարմինը այսօր շարունակել է ստուգայցեր կատարել Երևանի Ավան վարչական շրջանում:

Հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն: