Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» առաջին համահայկական մշակութային փառատոնի փակման հանդիսության ժամանակ

օգոստոս 23, 2004

Սիրելի հայրենակիցներ,

Փառատոնի մասնակիցներ և հյուրեր.

Ողջունում եմ բոլորիդ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» առաջին համահայկական մշակութային փառատոնի հաջող անցկացման կապակցությամբ:

Արդեն մեկ շաբաթ է, ինչ ամբողջ հայության ուշադրությունը սևեռված է՝ Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո մայրաքաղաքում և մարզերում անցկացվող աննախադեպ միջոցառումներին, որոնց մասնակցեցին հայրենիքի և սփյուռքի տասնյակ մշակութային կազմակերպություններ, գեղարվեստական կոլեկտիվներ, շնորհալի ստեղծագործող անհատներ: Փառատոնը լավագույնս ցուցադրեց մեր ժողովրդի՝ նրա տարբեր հատվածների, հոգևոր-մշակութային միասնականությունը, ինչը մեր ազգային միասնության, աշխարհասփյուռ հայության հոգևոր համախմբման կարևոր ազդակներից է: Փառատոնը ցայտուն վկայությունը եղավ ազգային արժեքներին, հոգևոր-մշակութային ավանդույթներին հավատարիմ մնալու և նոր ժամանակներին ու իրականությանը համահունչ դրանք շարունակելու, զարգացնելու մեր ժողովրդի կամքի և կարողության:

Կարծում եմ, մեծ խորհուրդ կա նաև նրանում, որ փառատոնի ավարտը համընկնում է մեր նորօրյա պատմության ամենանշանակալից իրադարձություններից մեկի՝ Անկախության Հռչակագրի ընդունման 14-ամյա հոբելյանին, որով սկիզբ դրվեց հայոց անկախ պետականության վերականգնման գործընթացին մեր երկրում:

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» առաջին համահայկական մշակութային փառատոնն այսօրվանից դառնում է պատմություն, հայոց միաբանության ու հոգևոր զարթոնքի մնայուն էջ, որի վրա հետագա սերունդները գրառելու են նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ:

Վստահ եմ, որ փառատոնը լիովին ծառայեց իր կոչմանը, վերածվեց իսկական համազգային տոնախմբության:

Քաջառողջություն, խաղաղ երկինք, հաճելի հուշեր և ստեղծագործական նորանոր հաջողություններ եմ մաղթում բոլորիդ՝ ի շահ մեր ազգային միասնության, անկախ պետականության հզորացման: