Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

օգոստոս 31, 2004

Սիրելի դպրոցականներ և ուսանողներ, հարգելի մանկավարժներ, ծնողներ,

շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա առթիվ, օր, որ որոշակի խորհուրդ է ստանում նաև նոր ուսումնական տարվա մեկնարկով: Այն հիշարժան է հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, ովքեր այսօր ոտք են դնում դպրոցական և ուսանողական կյանքի շեմը, հրաշալի մի աշխարհ, որտեղ նրանց խորը և կայուն գիտելիքներ, բազում հետաքրքրություններ և լուսավոր ապրումներ են սպասում:

Լիահույս եմ, որ այսօրվա դպրոցականներդ և ուսանողներդ եք լինելու մեր անկախ պետականության ամրապնդման, կիրթ ու բարեկեցիկ հասարակության կառուցման գործի շարունակողները: Պետության մտահոգությունը` արդի աշխարհում բազմակողմանի զարգացած, պատշաճ կրթություն ստացած, ազգային արժեքներ կրող և պետականության զգացումով քաղաքացիների դաստիարակումն է: Այս ճանապարհին դեռևս բավականին անելիքներ կան: Իրականացվող բարեփոխումների, ամենօրյա շահագրգիռ աշխատանքի արդյունքում, հուսով եմ, այս հարցում հաջողություններ կունենանք:

Օրվա առիթով ցանկանում եմ նաև երախտագիտությունս հայտնել մեր հարգարժան ուսուցիչներին, դասախոսներին` նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ իրենց այդ կարևոր առաքելությունն իրականացնելու համար:

Նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ մաղթում եմ ձեզ հաջողություններ, իսկ ուսումնառության մեջ գտնվողներին` բարձր առաջադիմություն :