Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Հայոց բանակի կազմավորման 12 ամյակի առթիվ

հունվար 27, 2004

Սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի հրամանատարներ և զինվորներ

Ավելի քան տասը տարի առաջ Արցախյան հերոսամարտի բովում ծնված ու զորացած Հայոց ազգային բանակը մեր ժողովրդի և անկախ պետականության ամենակարևոր նվաճումներից է: Ներդաշնակորեն միաձուլելով կամավոր երկրապահական ջոկատների մարտական ոգին և կադրային սպաների ռազմական հմտություններն ու փորձը, Հայոց բանակն իր հետագա փառավոր ճանապարհն անցավ նաև մեր մայրերի անսահման համբերության, ընկերների և եղբայրների քաջության և հերոսության շնորհիվ, որոնցից շատերի Եռաբլուրում հանգչող լուսեղեն շիրիմները, թանկ ու նվիրական կորուստներն ավելի ամրացրին հաղթանակի հասնելու հավատն ու կամքը:

Այսօր Հայոց բանակը հուսալիորեն պաշտպանում է անկախ Հայաստանի պետական սահմաններն ու անվտանգությունը, ինչը մեզ նաև վստահություն է ներշնչում վաղվա օրվա, ապագայի նկատմամբ: Բայց մենք իրավունք չունենք բավարարվելու ձեռք բերածով: Պատերազմը դեռ չի ավարտվել, և մենք քաջ գիտակցում ենք, որ Արցախն այսօր ամուր է զգում իրեն նաև Հայոց բանակի հզորության ու մարտունակության շնորհիվ: Այսուհետ ևս մենք պետք է շարունակենք հնարավորինս համազգային հոգատարություն ցուցաբերել բանակաշինությանը, մեր երկրի անվտանգության ու պաշտպանունակության, մեր անկախ պետականության ամրապնդմանը, որն Հայոց բանակի հետագա հզորության ամենամեծ երաշխիքն է:

Շնորհավորելով բոլորիս Հայոց բանակի 12-ամյա տարելիցի առթիվ, մաղթում եմ ոգեկան ամրության, համազգային միասնության և փառապանծ հաղթանակների նորանոր տարիներ ու տասնամյակներ: