Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի 70-ամյակի կապակցությամբ

հուլիս 13, 2007

Շնորհավորում եմ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի 70-ամյա հոբելյանը:

Յոթ տասնամյակ է, ինչ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը` ազգային երաժշտական մշակույթի ինքնատիպ ու հարուստ ավանդույթների պահպանմամբ, աշխարհին է ներկայացնում հայ խմբերգային արվեստը: Երգչախումբն իր երկրպագուներին մշտապես գրավել է անկրկնելի կատարումներով: Կապելլան ճանաչելի է ոչ միայն ազգային ու հոգևոր երաժշտության կատարմամբ, այլև համաշխարհային դասական երաժշտության ինքնատիպ մեկնաբանություններով: Երգչախմբի կատարողական արվեստը մշտապես բարձր է գնահատվել և այսօր էլ համաշխարհային ճանաչում ունեցող երաժշտագետների ու արվեստասեր հասարակայնության կողմից այն շարունակում է համարվել այդպիսին` արժանիորեն որակվելով իբրև «հայ ժողովրդի ստեղծագործական մարգարիտ»:

Անկասկած, համազգային մեծ սեր և հարգանք վայելող երգչախմբի մերօրյա ստեղծագործական վերելքն ուղղակիորեն պայմանավորված է նրա գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի շնորհաշատ աշխատանքով, ով արժանիորեն շարունակում է երգչախմբի հիմնադիր Թաթուլ Ալթունյանի, ապա և` Արամ Տեր-Հովհաննիսյանի գործը:

Հիրավի, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը մերօրյա համաշխարհային ամենամեծ ճանաչում ունեցող երգչախմբերից մեկն է:

Կրկին շնորհավորելով Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի 70-ամյակի կապակցությամբ` մաղթում եմ նրան նորանոր վերելքներ, ստեղծագործական նվաճումներով առլեցուն օրեր: