Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ

սեպտեմբեր 01, 2007

Հարգելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ անկախության 16-ամյակի կապակցությամբ:

Այսօր հպարտության, սեփական ուժերին ապավինելու և միասնականության տոն է: Լինում են պահեր, երբ պատմական մի ակնթարթում ավելին է արվում, քան երկար ու ձիգ տասնամյակների ընթացքում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման, պաշտպանության ու կայացման փաստերով այսօր հայոց պատմության ոսկե էջեր են գրվում:

Լեռնային Ղարաբաղի երիտասարդ հանրապետությունը հասուն քայլեր է անում պետականաշինության, ժողովրդավարության զարգացման և տնտեսական հզորացման ճանապարհին: Հայաստանի Հանրապետությունը եղել է և կշարունակի Արցախի ժողովրդի անվտանգության և ԼՂՀ զարգացման երաշխավորը լինել:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն հայորդիների հիշատակի առջև, ում արյամբ ու նվիրումով կերտվեց այս տոնը: Վստահ եմ` անկախ, բարեկեցիկ ու ճանաչված Լեռնային Ղարաբաղը լավագույն հարգանքի տուրքն է նրանց հիշատակին:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ` մի համոզմունքով, որ ազատ ու ժողովրդավար ապրելու անսահման ձգտումն ի զօրու է հաղթահարել ցանկացած մարտահրավեր: