Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ

մայիս 08, 2007

Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

Յուրաքանչյուր ազգի պատմության ամենահիշարժան դրվագները հաղթանակներն են: Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են ոգեշնչում սերունդներին: Մեր ժողովրդի պատմության մեջ քիչ չեն այդպիսի փառավոր հաղթանակների և սխրանքների հերոսական դրվագները:

Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ հաղթանակը ձեռք բերվեց նաև մեր ժողովրդի նվիրյալ զավակների աձնազոհության ու մաքառման շնորհիվ: Հայազգի հպարտ ու խիզախ զավակները խորհրդային բանակի շարքերում, դաշնակիցների զորքերում, դիմադրության շարժման մեջ ու պարտիզանական ջոկատներում տվեցին հերոսության, սխրանքի ու հայրենասիրության բացառիկ օրինակներ: Ես շնորհավորում եմ Մեծ Հայրենականի մեր վետերաններին, մաղթում նրանց ամուր առողջություն և երկար տարիների կյանք:

Հաղթանակի տոնը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի, որովհետև մենք նշում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի օրը, այլև մեկ այլ փառավոր տարեդարձ` Շուշիի ազատագրման տասնհինգամյակը: Տասնհինգ տարի առաջ, այս օրերին, խրամատներում էր գրվում Հայոց նորօրյա սխրանքների պատմությունը: Մեզ պարտադրված պատերազմում ապացուցեցինք, որ պատրաստ ենք նաև զենքով պաշտպանել մեր ժողովրդի ազատության, անկախության և խաղաղ կյանքի իրավունքը: Այսօր Շուշիի հերոսական հաղթանակի մեծագույն արդյունքը Արցախի փաստացի անկախությունն է:

Ես շնորհավորում եմ մեր ժողովրդին, որի հետ պայքարել ենք այս հաղթանակի համար, մեր ազատամարտիկներին, մեր բոլոր նվիրյալներին: Մենք խոնարհվում ենք մեր այն տղաների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը դրեցին հայրենիքի ազատության զոհասեղանին:

Կրկին շնորհավորելով բոլորին Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ` մաղթում եմ հարատև խաղաղություն և բարօրություն: