Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

դեկտեմբեր 31, 2008

Հարգելի' հայրենակիցներ:

2008 թվականին մենք հրաժեշտ ենք տալիս երկակի զգացումով: Մի կողմից դա մեր ցավալի կորուստներն էին և բացթողումները, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Մյուս կողմից` դա մեր քաղաքացիների եռանդուն և նվիրական աշխատանքի արդյունքներն են, որի շնորհիվ դիմակայեցինք և հաղթահարեցինք բազմաթիվ փորձություններ:

Քաղելով դասեր անցյալից, մենք բոլորս մտածում ենք ապագայի մասին: Ինչպիսի՞ն է լինելու մեր աչքերի առաջ արագ ձևավորվող նոր աշխարհը: Ինչպիսի՞ բացասական և դրական փոփոխություններ է այն իր հետ բերում:

Թող Աստված մեր ժողովրդին և մեզ տա ուժ և կարողություն` արժանապատվորեն պատասխանելու նոր մարտահրավերներին: Թող Աստված մեզ տա իմաստություն՝ համերաշխության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման միջավայրում կերտելու մեր երկրի պայծառ ապագան:

Ես քաջ գիտակցում եմ, որ համայն հայության սպասումները մեր կառավարությունից շատ մեծ են: Եւ մենք իրավունք չունենք ձեզ հիասթափեցնելու: Համոզված եմ, որ մեր համերաշխ թիմը` հանրապետության նախագահի գլխավորությամբ, ի վիճակի է լինելու ապահովել միասնություն գլխավորում, ազատություն երկրորդայինում և սեր ամեն ինչում: