ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը «Բերդ» պարային անսամբլի հիմնադրման 45-ամյակի առթիվ
մայիս 29, 2009
Աշխարհի քաղաքակիրթ բոլոր ազգերն էլ համայն մարդկության համատեղ գոյակերպի մեջ իրար են ներկայանում նախևառաջ իրենց մշակույթով։ Պարարվեստը մեր ժողովրդի ինքնադրսևորման ամենավառ միջոցներից է, որով նա ապրել է դարեր շարունակ։
«Բերդ» պարային անսամբլը որպես մշակութային կոլեկտիվ անցել է զարգացման ազգային ակունքներից բխող յուրահատուկ ճանապարհ։ Քառասունհինգ տարիների տարեգրության ընթացքում բազմաթիվ սերունդներ են անցել պարախմբի ամրակուռ դարպասներով, սնվել հայ պարի անաղարտ ոգու շտեմարանից և տարել իրենց հետ հայկական պարերի չխամրող հմայքը։
Որտեղ էլ հանդես է եկել «Բերդ» պարային անսամբլը` Հայաստանում, թե Հայաստանից դուրս` միջազգային բեմերում, փառքով և պատվով է ներկայացրել Հայ Պարը, իր արվեստով հմայել ու գերել է հարյուր հազարավոր հանդիսատեսների, և պարարվեստի միջոցով օտարազգի հանդիսատեսին ճանաչելի ու սիրելի է դարձրել նաև հայ մարդուն ու Հայաստանը։
Սրտանց շնորհավորելով «Բերդ» պարային անսամբլին հիմնադրման 45-ամյա հոբելյանի առթիվ` մաղթում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ և հաղթանակներ ի նպաստ հայ մշակույթի և հայկական ժողովրդական պարարվեստի։