Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

հուլիս 05, 2008

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:

Անհնար է գերագնահատել Սահմանադրության ընդունման պատմական նշանակությունը. այն չափազանց կարևոր էր մեր նորանկախ հանրապետության համար, որը հնարավորություն տվեց կայացնել պետականությունը և ամուր հիմքեր նախապատրաստել Հայաստանի պետական և իրավական նոր համակարգի կառուցման համար:

Սահմանադրությունն ամրագրում է այն իրողությունը, որ Հայաստանը ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է: Այս վեհ արժեքների որդեգրումը պարտավորեցնում է մեզ ամենօրյա հետևողական աշխատանք տանել դրանք պահպանելու և ամրապնդելու ուղղությամբ: Մենք պետք է ապահովենք բոլորի հավասարությունը օրենքի առջև և հանդիսանանք սոցիալական արդարության երաշխավորը մեր երկրում, բարձրացնենք մեր քաղաքացիների իրավագիտակցությունը, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա պաշտպանել Սահմանադրության մեջ ամրագրված իր իրավունքներն ու օրինական շահերը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս` Սահմանադրության օրվա կապակցությամբ և մաղթում ամուր հավատ մեր ժողովրդի և Հայոց անկախ պետականության ապագայի նկատմամբ: