Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետի խոսքը Սարդարապատի ճակատամարտի 82-ամյակի կապակցությամբ

մայիս 26, 2000

Սիրելի հայրենակիցներ.

Մեր ժողովրդի բազմադարյա պատմությունը լի է ողբերգական ու հերոսական էջերով: Բայց կան տարեթվեր, որոնք առանձնահատուկ խորհուրդ ունեն մեզ համար: Դրանցից մեկը Սարդարապատի հերոսական ճակատամարտի տարելիցն է: 82 տարի առաջ, մայիսյան այս օրերին, հայ ժողովուրդը կրկնեց Ավարայրի հրաշքը` Երևանի մատույցներում կասեցնելով թուրքական զավթիչների առաջխաղացումը:

Մեծ հաղթանակները նաև պատմական դասեր են պարունակում: Այսօր, տարիների հեռվից, մեզ համար այդպիսի ուսանելի օրինակ է այն իրողությունը, որ Սարդարապատում թշնամու գերակշիռ ուժերի դեմ բռունցքի նման կանգնեց ժողովրդի հավաքական ուժը, միասնական ոգին: Հայոց կանոնավոր զորքերի հետ կողք-կողքի կենաց և մահու կռվի ելան աշխարհազորայինները, ժողովրդի բոլոր խավերի, քաղաքական կուսակցությունների, հոգևորականության ու մտավորականության ներկայացուցիչները:

Օրհասական պահին համախմբվելու, բացառապես ազգային շահով առաջնորդվելու միակամությունն էլ հենց փրկեց Հայրենիքը կործանումից:

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում փայլուն կերպով դրսևորվեց մեր ժողովրդի զորավարական տաղանդը: Բազմափորձ գեներալներ Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, գնդապետ Դանիել Բեկ Փիրումյանը, լեգենդար Անդրանիկը, Դրաստամատ Կանայանը` Դրոն, և շատ ուրիշներ, ռազմավարական իրենց արվեստով գերազանցեցին թշնամուն` ապահովելով հայ ժողովրդի պատմական հաղթանակը:

Պատահական չէ, որ այսօր հայրենի հողին է հանձնվում մեկ այլ ականավար զորավարի` պետական գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության ռազմական նախարար Դրաստամատ Կանայանի` Դրոյի, աճյունը: Ինչպես զորավար Անդրանիկի, այնպես էլ Դրոյի աճյունների հայրենադարձությունը Սպարապետ Վազգեն Սարգսյանի նվիրական ցանկությունն էր: Խորհրդանշական է, որ մեծ զորավարի աճյունը հողին է հանձնվում Ապարանում, այն վայրում, որտեղ նա, իր բազմաթիվ քաջերի հետ միասին, 82 տարի առաջ կենաց և մահու հերոսական պայքար էր մղում թուրքական զավթիչ բանակի գերակշիռ ուժերի դեմ` կասեցնելով նրա առաջխաղացումը դեպի Երևան:

Այստեղից` Սարդարապատի կռիվներից սկսվեց մարշալ Բաղրամյանի զորավարական փառապանծ ուղին:

Համազգային այդ սխրանքի շնորհիվ մեր ժողովուրդը վերականգնեց դարեր շարունակ կորցրած պետականությունը` 1918 թ. մայիսի 28-ին հռչակելով Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդը:

Մայիսը, իրավամբ, մեր ժողովրդի մեծագույն հաղթանակների ամիսն է: Մեր պատմության նորագույն շրջանում, 1992-ի մայիսի 9-ին Շուշիի հերոսական ազատագրումը Ավարայրի ու Սարդարապատի մի նոր` հրաշալի դրսևորումն էր:

Գնահատենք պատմական մեր հաղթանակները, գլուխ խոնարհենք ազգի ու հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի առաջ և ջանանք ճշմարիտ դասեր քաղել պատմությունից` հանուն այսօրվա ու վաղվա նոր հաղթանակների: